Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 2-ի երեկոյան հեռախոսով զրուցել է իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ:
Անկարայում Թուրքիայի նախագահի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ Էրդողանը Զելենսկուն ասել է, թե անհրաժեշտ է գտնել ռուս - ուկրաինական հակամարտության՝ փոխըմբռնման վրա հիմնված արդար դիվանագիտական լուծում:
Այն, ըստ Թուրքիայի ղեկավարի, «պետք է ապահովի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և լիակատար ինքնիշխանությունը»:
Ուկրաինայի նախագահն իր Տելեգրամ ալիքում գրել է, որ զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Էրդողանին «հացահատիկի գործարքի» պահպանմանն ուղղված ակտիվ ջանքերի համար:
Նա հայտնել է նաև, որ Թուրքիայի նախագահի հետ քննարկել է ուկրաինացի ռազմագերիների փոխանակման հարցը: