Միացյալ Նահանգները ենթադրում է, որ Հյուսիսային Կորեան գաղտնի խողովակներով զենք ու զինամթերք է տրամադրում Ռուսաստանին:
Այդ մասին հայտնել է CNN ամերիկյան հեռուստակայանը, որը վկայակոչում է ամերիկյան հետախուզության ծառայողներին և նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի պաշտոնյաներին:
Ըստ ամերիկացի հետախույզների, Հյուսիսային Կորեան փորձում է այնպես ներկայացնել, թե սպառազենն, իբր, ուղարկվում է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, բայց իրականում այն փոխադրվում է Ռուսաստան:
Սեպտեմբերին ամերիկյան հետախուզությունը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեան հրետանու արկեր և չկառավարվող հրթիռներ է վաճառել Ռուսաստանին:
Մոսկվան և Փհենյանը չեն մեկնաբանում զենքի մատակարարման գործարքների մասին տեղեկությունները:
Ըստ Արևմուտքի փորձագետների, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանում զենքի և զինամթերքի պակաս է առաջացել:
Հյուսիսային Կորեայի զինված ուժերի հրետանային խմբավորումն ամենախոշորներից մեկն է աշխարհում:
Հյուսիսկորեական հրետանու արկերի մեծ մասի տրամաչափը հիմնականում համընկնում է խորհրդային և ռուսական հրետանու արկերի տրամաչափին: