Մատչելիության հղումներ

Փաշինյանն ընդգծել է ադրբեջանական ագրեսիային հստակ քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը


Այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ այս տարի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը:

Նիստի ընթացքում Հայաստանի վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

«Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական», - ասված է հաղորդագրությունում:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG