Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է՝ Երևանը դեռևս չի պատասխանել խաղաղության պայմանագրի տարրերին


Երևանը դեռևս չի արձագանքել հոկտեմբերի 2-ին Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը հայկական կողմին ներկայացված խաղաղության պայմանագրի տարրերին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայրամովը ամերիկացի պաշտոնյայի հետ զրույցում խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, Բաքվի դիրքորոշման և առաջարկների մասին։

«Նախարարը նշել է, որ հայկական կողմը դեռ չի պատասխանել խաղաղության պայմանագրի այն տարրերին, որոնք տրամադրվել են Հայաստանին Ժնևում արտգործնախարարների հանդիպման արդյունքներով», - ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Դոնֆրիդն ընդգծել է «առաջնորդների և նախարարների հանդիպման ժամանակ խաղաղ գործընթացի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների առաջմղման կարևորությունը»։

Այս ամսվա սկզբին Ժնևում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, որ «հայկական կողմի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների վրա հիմնված (խաղաղության) պայմանագրի տարրերը»: Այլ մանրամասներ Բաքուն չէր հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG