Մատչելիության հղումներ

ՀՀ-ն մեծապես կարևորում է ՄԹ-ի հետ համագործակցության զարգացումը․ Փաշինյանը շնորհավորել է Սունակին


Ռիշի Սունակ
Ռիշի Սունակ

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի և գործնական շահերի վրա, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռիշի Սունակին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու առիթով իր շնորհավորական ուղերձում:

Չնայած անվտանգային լուրջ մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է անշեղորեն իրականացնել ժողովրդավարական բարեփոխումները, և այս համատեքստում բարձր է գնահատում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությունը, նշել է գործադիրի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ Սունակի կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ երկու երկրների բարգավաճման և բարեկամ ժողովուրդների բարօրության։

Թորիների 42-ամյա ներկայացուցիչը ներկուսակցական ընտրություններում ստացավ անհրաժեշտ 100 քվեն, և հոկտեմբերի 25-ին դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին հնդկական ծագում ունեցող, վերջին 200 տարվա ընթացքում ամենաերիտասարդ վարչապետը։ Սունակը նաև Բրիտանիայի երրորդ վարչապետն է անցած երկու ամսում։

Հոկտեմբերի 20-ին Լիզ Թրասը հայտարարեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին: Նրա կառավարությունը խիստ քննադատության էր ենթարկվել տնտեսական և ֆինանսական բարեփոխումների անհաջող ծրագիր ներկայացնելու և դրանից որոշ ժամանակ անց հրաժարվելու կապակցությամբ: Թրասը պաշտոնավարել է ընդամենը վեց շաբաթ:

XS
SM
MD
LG