Մատչելիության հղումներ

Կադիրովը քննադատում է բանակին և կոչ անում «ջնջել ուկրաինական քաղաքները»


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը

Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովը դժգոհություն է հայտնել Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների կապակցությամբ՝ դրանք անվանելով «թույլ» և կոչ անելով «երկրի երեսից ջնջել ուկրաինական քաղաքները»:

Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամը համարվող և նրա հրամանագրերով բազում մեդալներ, պարգևներ ու զինվորական կոչումներ ստացած Կադիրովը հատուկ հայտարարություն է տեղադրել իր Տելեգրամ-ալիքում:

«Մենք թույլ ենք պատասխանում, եթե մեր կողմ, մեր շրջան այնտեղից ական է եկել, ապա պետք է երկրի երեսից ջնջել նրանց քաղաքները, այնքան, որ հեռավոր հորիզոնը երևա, որ նրանց մոտ մեր կողմ կրակ բացելու միտքն իսկ վերանա: Պետք չէ մտածել, թե ինչ կլինի վաղը, երբ մենք ինչ-որ վճիռներ ենք կայացնում»,- ասել է Կադիրովը:

Նա պնդել է, թե Ուկրաինա ռուսական զորքի ներխուժումն այլևս պետք է անվանել ոչ թե «հատուկ ռազմական օպերացիա»՝ ինչպես «Ռոսկոմնադզորն» է (ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն) պահանջում, այլ «պատերազմ», քանի որ մարտական գործողություններն արդեն տեղի են ունենում Ռուսաստանի տարածքում:

Կադիրովը նաև վրդովմունք է հայտնել, որ Հյուսիսային Կովկասի ժողովուրդներից քիչ են Ուկրաինա մեկնող կամավորները: Նրա խոսքով, «հիմա պետք է զինկոմիսարիատների մոտ հերթեր լինեին, 1 միլիոն 600 հազար չեչեններից 300-400 հազարը պետք է գնար ռազմաճակատ»:

Ռամզան Կադիրովը դժգոհ է այսօրվա կացությունից, բայց համոզված է, որ «ավելի վատ այլևս չի լինի, քանի որ Եվրոպան ուժ չունի:

«Ինչ է, նրանք իրենց լգբտ-ականների՞ն պետք է ուղարկեն մեզ դեմ կռվելու»,- ասել է Կադիրովը:

Ավելի վաղ նա հայտնել է, որ իր անչափահաս որդիները՝ 16-ամյա Ախմատը, 15-ամյա Զելիմխանը և 14-ամյա Ադամը մեկնել են Ուկրաինա և մասնակցում են պատերազմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG