Մատչելիության հղումներ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց


Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից, ֆեյսբուքում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)», - գրել է Սարգսյանն՝ ընդգծելով․ - «Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»։

Ըստ Ալեքսանյանի փաստաբանի՝ 33-ամյա դատավորը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնական լիազորությունները անցնելու համար։ Իրավապահները մինչդեռ չեն մանրամասնում, թե ինչի համար են մեղադրում դատավորին։

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրանքը չի ընդունում։

Ուղիղ մեկ տարի առաջ դատավոր նշանակված Ալեքսանյանը մամուլի ուշադրության կենտրոնում ամռանն էր հայտնվել, երբ կալանավորել էր գործի քննության հենց առաջին նիստին հանկարծամահ եղած պրոդյուսեր, իշխանության քննադատ Արմեն Գրիգորյանին։

XS
SM
MD
LG