Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Եղիշե Չարենցի անունը կրող Գրականության և արվեստի թանգարանը համատեղ «Դարից երկար» խորագրի ներքո մի շատ ուշագրավ ցուցահանդես բացեցին օրերս՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ նվիրված հայ անվանի հասարակական գործիչ, հայագետ, թարգմանիչ Արշակ Չոպանյանի ծննդյան150-ամյա հոբելյանին։ Ցուցահանդեսը ներկայացնում է երկու մեծերի՝ Կոմիտասի և Արշակ Չոպանյանի անխախտ մտերմությունն ու հոգևոր կապը իրենց ծանոթության առաջին իսկ օրերից։
«Այս տարի Արշակ Չոպանյանի 150-ամյա հոբելյանն է և բոլորս էլ տեղյակ ենք՝ ինչ մեծ դերակատարություն է ունեցել առհասարակ Արշակ Չոպանյանը Կոմիտասի կյանքում: Եվ թանգարան-ինստիտուտը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ նախատեսեց մի ցուցադրություն, ըստ էության, ամբողջ նյութերի մեծամասնությունը բերվել է Գրականության արվեստի թանգարանից, բերվել է նյութ Հայաստանի ազգային պատկերասրահից, Հայաստանի պատմության թանգարանից և իհարկե Կոմիտասի թանգարան-ինստիտուտի արխիվներից: Դեռևս 1901 թվականից, երբ Կոմիտասն առաջին անգամ մեկնեց Փարիզ, այդ օրվանից Արշակ Չոպանյանի հետ սերտ կապեր են եղել: Որոշեցինք անդրադարձ կատարել Արշակ Չոպանյանի 150-ամյա հոբելյանին և այս ձևով ներկայանալ հանրությանը», - ասաց Կոմիտասի-թանգարան ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը:
Այս չափազանց ուշագրավ ցուցահանդեսի համադրողն է Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար Մարինե Հարոյանը։
«Ցուցահանդեսը մեր երկու մեծերի՝ Արշակ Չոպանյանի և Կոմիտասի ընկերության մասին է: Մի ընկերություն, որը սկիզբ առավ 1901 թվականին նրանց առաջին հանդիպումից և շարունակվեց ու շարունակվում է անգամ մինչև հիմա, երբ իրենք երկուսն էլ չկան, այդտեղից էլ գալիս է ցուցադրության անվանումը՝ «Դարից երկար», - նշեց նա:
Ցուցահանդեսի համադրող Մարինե Հարոյանն ընդգծում է, որ այս ցուցահանդեսը տարբերվում է իրենց նախորդ համատեղ ցուցահանդեսներից. «Ցուցադրության մեջ սովորաբար գլխավոր հերոսները կամ գործող անձինք ցուցանմուշներն են, այս ցուցադրության մեջ մենք ունենք գրաֆիկական կոլաժներ, որոնք հավասար հանդես են գալիս որպես գործող անձինք: Արտաքինից տեսնում եք գրաֆիկական կոլաժը, այսինքն մի պատմություն իրենց կյանքից, ունենք 6 տարբեր թեմաներ, ամեն թեման ներկայացնում են իրենց կյանքի որևէ դրվագ: Դուք տեսնում ե գրաֆիկական պատմությունը, հետո մտնում եք տաղավարի մեջ ու տեսնում եք արտեֆակտը՝ այդ պատմությունը հավաստող փաստաթուղթ»:
«Դարից երկար» խորագրով ցուցահանդեսի առանձին թեմատիկ բաժինները խորագրված են խոսուն վերնագրերով՝ «Սպասված և երազված մարդը», սա Արշակ Չոպանյանի բնութագրությունն է Կոմիտասի մասին իրենց առաջին հանդիպումից հետո, կամ՝ «Աղետից առաջ», «Աղետ» և այլ թեմատիկ խորագրերն արեն իսկ այցելուին առաջնորդում են 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հորձանուտով, որը ճակատագրական դարձավ ոչ միայն մեր մեծերի, այլև ողջ հայ ժողովրդի համար։
«Վերջին թեման, որ անվանել ենք «Դարից երկար», արդեն այն մեծ գործունեությունը, որ Չոպանյանն արեց Կոմիտասի և՛ հիվանդությունից հետո, և՛ մահից հետո՝ կապված Կոմիտասի ժառանգության հրապարակման հավաքման, ես հատկապես միշտ շեշտում եմ, դրանք Հայաստան ուղարկելու գործում: Որովհետև Կոմիտասի աշակերտները ևս զբաղված էին այդ ժառանգությունը տարբեր տեղերից հավաքել բերել Փարիզ, բայց Չոպանյանն էր, որ հասկացավ՝ դրանց տեղը Հայաստանն է: Այն հատվածը, որ եկավ Հայաստան, փրկվեց», - նշեց Հարոյանը: