Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին:
Մասնավորապես ԱԱԾ-ը հայտնում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ընդգրկուն և համադրված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով Պաշտպանության նախարարության համար N զորամասի պայմանագրային զինծառայող՝ դասակի հրամանատար, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից, իր օգտահաշվով այս տարվա հունվարից մինչև հունիսը կապի մեջ է գտնվել նրա հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց վերջինին հանձնել է իր զորամասի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տարբեր փաստաթղթեր:
Ըստ հաղորդագրության, դրանք պարունակել են տեղեկություններ մարտական դիրքերի անվանումների, կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետերի, միջդիրքային հեռավորությունների, դրանց կահավորվածության և այլնի վերաբերյալ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում տվյալ քաղաքացին ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունք: Նրան ներկայացվել է մեղադրանք և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: