Ազգային ժողովը 65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանին ընտրվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Ընտրվեցին նաև ԿԸՀ-ի վեց անդամները։
Հովակիմյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է, կուսակցության վարչության անդամ էր, բայց այս պաշտոնը ստանձնելու համար օրեր առաջ վայր էր դնել անդամատոմսը։ Այսօր խորհրդարանում միայն իր նախկին կուսակցական գործընկերների ձայներով ընտրվեց ԿԸՀ-ի նախագահ։ Խորհրդարանական ընդդիմությունը արդեն շուրջ վեց ամիս է, բոյկոտում են Ազգային ժողովի նիստերը։ Չէին ներկայացել նաև այսօր։
Վահագն Հովակիմյանի թեկնածության դեմ էին արտահայտվել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ։ Տարածած հայտարարությամբ նրանք խնդրահարույց էին համարել կուսակցական գործչի առաջադրումը այդ պաշտոնին։
Ինքը Հովակիմյանն այսօր «Ազատությանն» ասաց, թե որևէ խնդիր այդ առումով չի տեսնում, քանի որ պատրաստվում է այս պաշտոնում աշխատել արդար, անկեղծ, թափանցիկ, որևէ կաշկանդվածություն չի ունենալու. - «Եթե ես, որպես ԿԸՀ նախագահ, որևէ կերպ կզբաղվեմ քաղաքական գործունեությամբ, կամ իմ պաշտոնեական պարտականությունները կատարելուց որևէ առավելություն կստեղծեմ... ես նկատի ունեմ ինչ-որ ձևով կանեմ ապօրինություն՝ ի շահ իմ նախկին կուսակից ընկերների, էդ դեպքում, կներեք, բայց միանգամից հենց կոնկրետ խորհրդարանում իմ պաշտոնանկության հարցը պիտի բարձրացվի»։
«Ազատության» հարցին, որ եթե, ենթադրենք, մի քանի ամսից լինեն արտահերթ ընտրություններ, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց զանգահարի և որպես նախկին թիմակից, գործընկեր, նախկին ղեկավար ինչ-որ բան խնդրի, արդյո՞ք կաշկանդված չի լինի, Հովակիմյանն արձագանքեց. - «Ոչ»։
Նրան չի անհանգստացրել նաև այն փաստը, որ ինքն ընտրվել է միայն իշխանական պատգամավորների ձայներով։ Ասաց, որ նրանք նախապես հայտարարել էին, որ չեն գալու խորհրդարան, հետևաբար ինքը նպատակահարմար չի համարել այդ հարցը քննարկել նրանց հետ։
«Շատ լավ կլիներ, եթե ընդդիմադիր մեր գործընկերները մասնակցեին... Իրենց իրավունքն է մասնակցել կամ չմասնակցել», - ասաց ԿԸՀ նորընտիր նախագահը։
Նշենք, որ այս պաշտոնում ընտրվելու համար հենց 65 ձայն էր պետք, որոնցից մեկը հենց իր ձայնն էր. - «Ես ընտրվել եմ, որովհետև նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, թե ինչպես եմ գործելու։ Որ գործելու եմ ի շահ Հայաստանի Հանրապետության։ Իմ գործընկերները քվեարկել են և ընտրել են։ Այսինքն՝ որևէ կերպ ես որևէ կաշկանդվածություն չունեմ»։
Իսկ այն, որ ինքը մասնակցել է իր ընտրության քվեարկությանը, նրա խոսքով, որևէ իրավական խնդիր չի առաջացնում, քանի որ մինչև գալիք երկուշաբթի ինքը շարունակում է մնալ Ազգային ժողովի պատգամավոր։