Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան կրկին հրթիռներ է արձակել


Հյուսիսային Կորեան հրթիռ է փորձարկում, արխիվ

Հյուսիսային Կորեան կրկին հրթիռներ է արձակել՝ այս անգամ փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ Ճապոնայի ուղղությամբ։ Հարավային Կորեայի զինված ուժերն արձանագրել են, որ հրթիռները Ճապոնական ծովն են ընկել։

Հոկտեմբերի 4-ին Փհենյանը միջին հեռահարության բալիստիկ հթիռ էր արձակել, որն անցել էր Ճապոնիայի տարածքի վրայով։ Հրթիռի արձակումից ժամեր անց Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի օդուժը համատեղ զորավարժություն էին անցկացրել։ Փհենյանի հերթական սադրանքի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ էր գումարել։

Կրկին հրթիռներ արձակելով՝ Փհենյանը դա ներկայացնում է որպես արձագանք Միացյալ Նահանգների կողմից Կորեական թերակղզու կայունության ապառնալիքներին։ Նախօրեին Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ին մեղադրել է USS Ronald Reagan ավիակիրը տարածաշրջան ուղարկելով լարվածությունը սրելու մեջ։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն ասել է, որ իր երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով կուժեղացնի կապերը Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի հետ։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան ասել է, որ երկու շաբաթվա ընթացքում Փհենյանն արդեն վեցերորդ անգամ է հրթիռներ արձակում, և դա չի կարող հանդուրժվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG