«Մարդ, որ իր ողջ կարիերայով պարտական է Նիկոլ Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագրին», չի կարող ԿԸՀ-ի անաչառ նախագահ լինել»,- այսպես է կարծում տարիներ շարունակ ընտրական գործընթացը դիտարկող խմբի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ արձագանքելով Վահագն Հովակիմյանի գրառմանը, որ ինքն է ԿԸՀ նախագահի իշխող խմբակցության թեկնածուն։ Հովակիմյանն արդեն մանդատից հրաժարվելու և կուսակցությունից դուրս գալու դիմումներ է գրել։
«Վահագն Հովակիմյանի ամբողջ կարիերայում ես չեմ հիշում մի էպիզոդ վերջին տասնամյակում, երբ որ ինքը Նիկոլ Փաշինյանից անկախ որևիցե մի տեղ աշխատի: Նույնիսկ եթե Վահագն Հովակիմյանը լինի ամենա-ամենալավ ԿԸՀ նախագահը, ինչն իր կարիերայից դատելով, մեղմ ասած, դժվար է ասել, բայց միևնույն է՝ հանրության կողմից ինքը ընկալվելու է որպես ոչ անաչառ», - կարծում է Իոաննիսյանը:
«ԿԸՀ-ն արձանագրում է ընտրություններում կուսակցությունների մրցապայքարի արդյունքը: Անգամ եթե Վահագն Հովակիմյանը դուրս գա կուսակցությունից, դժվար թե կարողանա հարկ եղած դեպքում հարազատ թիմին դեմ գնալ»,- հավելում է քաղհասարակության ներկայացուցիչը։
Իոաննիսյանի ղեկավարած կազմակերպությունից բացի, ևս 16 ՀԿ-ներ այսօր պահանջել են վերանայել այս առաջադրումը՝ հայտարարելով. «ԿԸՀ անդամի, և մասնավորապես՝ նախագահի պաշտոններում պետք է առաջադրվեն բացառապես անկուսակցական և քաղաքական գործունեություն չծավալող անձինք՝ ապահովելու ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը»։
Իսկ 48-ամյա Հովակիմյանը երկար տարիներ աշխատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում, հետո, երբ Փաշինյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել, եղել է նրա օգնականը, այնուհետև՝ Փաշինյանի առաջնորդած «Ելք» խմբակցության փորձագետ։
Վահագն Ալեքսանյանը կասկածի տակ չի դնում Հովակիմյանի անաչառությունը
Հովակիմյանի այս կապերը թույլ կտա՞ն նրան ԿԸՀ չեզոք նախագահ լինել, «Քաղաքացիական պայմանագրի» խոսնակ Վահագն Ալեքսանյանը կասկածի տակ չի դնում իր թիմակցի անաչառությունը։
«Վահագն Հովակիմյանը նախ մինչև պատգամավոր, մինչև կուսակցական լինելը եղել է մարդ, լրագրող, ով տարիներ շարունակ հենց նաև այդ քննադատողներից շատերի հետ ուս ուսի տված պայքարել է անարդարությունների, ընտրություններում տեղ գտած ապօրինությունների ու այդ ամենի դեմ ու դա արել է շատ սկզբունքայնորեն: Ու հենց այդ քննադատողների մեծ մասը, ինձ թվում է, դա առնվազն տեսել է: Մեղադրանքը կայանում է նրանում, որ Վահագն Հովակիմյանը, որպես այդպիսին, պիտի՞ դավաճանի իր սկզբունքներին: Որտե՞ղ է դա երևացել»:
Հենց Փաշինյանն ու իր թիմի անդամներն էին տարիներ շարունակ քննադատում նախկին իշխանություններին՝ ապակուսակցական մարմիններում սեփական դրածոներին նշանակելու համար։ Օրինակ, վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը ՍԴ-ն սեփականաշնորհելու մեղադրանք էր հնչեցրել բարձր դատարանի նախկին նախագահ, երբեմնի հանրապետական Հրայր Թովմասյանին և ոչ միայն:
«Մենք Սահմանադրության այն դրույթը, որը ունենք Սահմանադրական դատարանի վերաբերյալ, չենք կարող կիրառել մինչև 2035 թիվը, որովհետև Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի հետ օգնությամբ սեփականաշնորհել է ՍԴ-ն այնպես, ինչպես կարելի է, օրինակ, մի հատ նոտարական գրասենյակ բռնել և սեփականաշնորհել», - հայտարարում էր Փաշինյանը:
Իրավապաշտպանները հիշեցնում են՝ Հրայր Թովմասյանն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ՍԴ նախագահ ընտրվելուց մեկ ամիս առաջ էր կուսակցությունից դուրս գալու համար դիմում գրել, ի՞նչ տարբերություն:
«Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի անդամ, ապա նախագահ դառնալը նույնպիսի քայլ էր իր բնույթով Հանրապետական կուսակցության կողմից, ինչպես Վահագն Հովամիկյանին ԿԸՀ նախագահ դարձնելը», - նշում է Իոաննիսյանը:
«Այս քննադատությունները կանխատեսե՞լ էր ՔՊ-ն, թե՞ ավելի հարմար այլ թեկնածու չկար», հարցին արձագանքում է իշխող կուսակցության խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը. «Մենք արդեն վաղուց անցել ենք այն փուլը, որ քննադատություններից, շատ հաճախ անհարկի քննդատություններից վախենալով պետք է հետ կանգնենք կարևոր որոշումների կայացումից: Նորից անդրադառնալով բուն թեմային՝ իսկ այն, որ այս իշխանությունն ունի բավականաչափ քաղաքական կամք Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացման համար, ինձ թվում է՝ առավել քան ակնհայտ է ու ապացուցված է»:
ԿԸՀ-ն շուրջ 11 տարի ղեկավարած Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեռ չեն հայտարարել՝ թեկնածու կառաջադրեն, թե ոչ։