Մատչելիության հղումներ

«Շոյգուի նվիրած դաշույնը միակ զենքն էր, որ Ռուսաստանից եկավ Հայաստան». իշխանական  պատգամավոր


«Էդ միակ զենքն էր, որ եկավ Հայաստան», - իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Շոյգուի նվիրած դաշույնը։ Այդ խորհրդանշական նվերից բացի 44-օրյա պատերազմից հետո այլ զենք Ռուսաստանից Հայաստան չի մտել, պնդում է խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի անդամը։

«Հիմա արդեն մենք եկանք հասանք այն պահին, որ մեր երկիրն ամենածանր վիճակում է և ոչ ՀԱՊԿ-ն է մեզ օգնում, ոչ էլ Ռուսաստանը», - ընդգծեց Մելքոնյանը։

Շոյգուն հայ պաշտոնակցին դաշույնը նվիրեց մեկ տարի առաջ՝ հայտարարելով, թե «կարող ենք համարել՝ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկել է»։ Ի՞նչ է փոխվել, Ռուսաստանն ինչո՞ւ խոստումը չի կատարում։ Իշխանական պատգամավորն ուղիղ չի պատասխանում, բայց զայրանում է, որ Փաշինյանի կառավարությանն են մեղադրում. «Հարգելիս, եթե մարդը քեզ զենք չի տալիս, քո մեղավորությունը ո՞րն է»։

Սեպտեմբերյան մարտերի օրը Ազգային ժողովում Փաշինյանն էր հայտարարել, թե զենքի համար փող կա, բայց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կա՛մ չեն վաճառում, կա՛մ Հայաստան հասցնելն է խնդիր։ Թե ի՞նչ խնդիրներ են, վարչապետը չէր մանրամասնել։ Ութ տարի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մելքոնյանը պնդում է՝ Միացյալ Նահանգները Հայաստանին զենք կվաճառի, եթե ՀԱՊԿ-ից դուրս գա։

«Նախապայմանը, այո, իրանք ուզում են, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք», - ընդգծեց նա։

Միացյալ Նահանգներից պաշտոնապես հրապարակային նման պահանջ չի հնչել։ Ո՞ւմ են ասել, ե՞րբ են ասել։ Իշխանական պատգամավորը չի մանրամասնում, պնդում է՝ դա է պայմանը։ Իշխող խմբակցությունն էլ սկսել է քննարկումները ՀԱՊԿ-ը լքելու կամ Հայաստանի անդամակցությունը սառեցնելու հարցով, վստահեցնում է Մելքոնյանը։

«Խմբակցությունում նմանատիպ հարցեր առաջարկել են, քննարկվում են ու քննարկվելու են, վերջնական արդյունքը մենք դեռ չենք ասել», - ասաց պատգամավորը։

Որքանո՞վ է իրատեսական Արևմուտքի հետ ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ-ի կազմում լինելուն զուգահեռ։ Այս հարցին կալանավայրից արձագանքել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ «ՀԱՊԿ-ին անդամակցությունը երբեք խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է», - նշել է նախկին նախարարը:

Պաշտպանության նախկին փոխնախարար, հանրապետական Արտակ Զաքարյանն էլ կարծում է, որ երկու տարում հնարավոր էր բավարար քանակի սպառազինություն ձեռք բերել. «Մոտ երկու տարին բավարար էր կամ 1,5 տարուց ավելին բավարար էր, որ մենք ունենայինք բավարար քանակի սպառազինություն։ Լավ, սահմանների կահավորումն ո՞ւմից էր կախված, դա ինչի՞ չեն արել։ Դա Ռուսաստանից էր կախվա՞ծ, թե՞ Հորդանանից էր կախված, դա ինչի՞ չեն արել»։

Եթե Փաշինյանը ցանկանար Հայաստանը պաշտպաներ այնքան ամուր, որքան իր իշխանությունը, կգտներ զենք գնելու ուղիները, քննադատում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Ռուսաստանը զենքի հիմնական մատակարարն է, բայց ոչ միակը, ասում է նախկին պաշտոնյան։

«Հայաստանին զենքի մատակարար երկրների ցանկը բավականին բազմազան է, մասնավորապես, զենքերը ձեռք բերելուց Սլովակիայիցա, Չեխիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Հնդկաստանից, Հորդանանից, որոնց հետ Հայաստանը ունեցել է տարբեր ձևաչափերում համագործակցություն», - նշեց Զաքարյանը։

Այլ աղբյուրներից զենք գնելու համար ՀԱՊԿ-ը լքելու կարիք չկա, ՀԱՊԿ-ի դերակատարումը իշխանականները չեն պատկերացնում՝ Մելքոնյանին հակադարձում է Զաքարյանը. «Եթե Հայաստանի Հանրապետությունը ունի վստահություն, իսկ զենիքի շուկան առաջին հերթին վստահելիության հիմքի վրա է, և եթե վարչապետ կոչվածը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ զենքի մատակարարման պրոբլեմ ունեն, դա առաջին հերթին խոսում է իր նկատմամբ եղած անվստահության մասին»։

Եթե Միացյալ Նահանգները ցանկանա զենք վաճառել, ՀԱՊԿ-ի անդամակցությունը խոչընդոտ չի լինի։ Այն մեկնաբանությունները, թե այդ զենքը կարող է հայտնվել Հայաստանի դաշնակից Ռուսաստանի ձեռքին, անհիմն են, բոլոր դեպքերում էլ կարող է հայտնվել։

«Հայ-ռուսական բոլոր պայմանագրերը բավարար են, որպեսզի ցանկացած տեսակի զենք, եթե ունես բանակցելու, վստահություն ձեռք բերելու, դաշնակցային պարտավորություններդ համարժեք կատարելու և քո դաշնակցի հետ միասին մինչև վերջ անկեղծ լինելու քաղաքական կամք, ոչ մի խնդիր չկա», - ասաց Զաքարյանը։

90-ականներին էլ Հայաստանը Ռուսաստանից բացի այլ երկրներից է զենք ձեռք բերել։ Հիմա էլ պետք է բանակցեին ու ցանկացած հնարավորություն գործի դնելով լուծեին սպառազինության հարցը։ վերջին հարցազրույցներում պնդում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հիշեցնելով, որ 90-ականներին Չինաստանից հրթիռային համակարգեր են գնել, ինչը Ռուսաստանին ու Նահանգներին այնքան էլ դուր չի եկել, բայց ասում է՝ Հայաստանի անվտանգությունն է պարտադրում։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ այսօրվա ասուլիսում հորդորել է չհավատալ Փաշինյանի խոսքերին. «Եվ մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել, մենք զենք գնում էինք և՛ Ռուսաստանից, և՛ Եվրոպայից, և՛ Չինաստանից, և՛ այլ տեղերից։ Սա խնդիր չի»։

Թե՛ Զաքարյանը, թե՛ Քոչարյանը պնդում են, որ գործող իշխանությունը ի վերջո կարող էր քննարկել հարեւան Իրանի հետ ռազմական համագործակցության հարցը։ Թե՛ զենք գնելու, թե՛ համատեղ զորավարժություններ անելու օրակարգով։

«Շոյգուի նվիրած դաշույնը միակ զենքն էր, որ Ռուսաստանից եկավ Հայաստան». իշխանական պատգամավոր
please wait

No media source currently available

0:00 0:05:17 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG