Այսօր՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, նշել է Արամ Թորոսյանը:
Արձագանքելով շրջանառվող տեղեկություններին, որ կրակոցներ են Ջերմուկի ուղղությամբ՝ փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. «Ջերմուկ քաղաքում հանգիստ է, կրակոցներ չեն լսվում»։
Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը ևս հայտնեց. «Այս պահին հանգիստ է»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդում է, որ հայկական կողմն է խախտել հրադադարը՝ կրակ բացելով Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների ուղղությամբ: Ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Մարտերի հետևանքով հայկական կողմի զոհվածների և անհետ կորածների պաշտոնապես հրապարակված թիվը 206 է, Բաքուն 80 զոհի մասին է տեղեկացրել։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։
Այս ընթացքում հրադադարի խախտման մի քանի դեպք է արձանագրվել, երկու կողմից զինծառայողներ են վիրավորվել: