«Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի նախկին տնօրեն Դմիտրի Ռոգոզինը կարող է նշանակվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լիազոր ներկայացուցիչ Ղրիմի դաշնային տարածքում (օկրուգում):
Ռուսաստանին միանալու հարցով կեղծ հանրաքվեներից հետո այդ տարածքին կարող են ամրակցվել ռուսների կողմից զավթված ուկրաինական շրջանները: Այդ մասին՝ հղում անելով Դաշնության խորհրդում իր աղբյուրին, հայտնել է «Վեդոմոստի» պարբերականը:
«Վեդոմոստիի» մեկ այլ աղբյուրը, որը կապեր ունի նախագահի աշխատակազմի հետ, հայտնել է, որ Ռոգոզինի նոր նշանակման մասին որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին:
Ըստ այդ աղբյուրի, Կրեմլում ենթադրում են, որ պետք է հաշվի առնել հանրաքվեների շուրջ ստեղված «բարդ իրավիճակը» և ստեղծել դաշնային նոր տարածք, որը կղեկավարի «ծանրքաշային» քաղաքական գործիչ համարվող պաշտոնյա:
«Ռոսկոսմոսի» ղեկավարի պաշտոնից Ռոգոզինի ազատումից հետո «Վեդոմոստին» կարծիք էր հայտնել, որ նրան կարող են նշանակել Դոնբասի շրջանը վերահսկող:
«Մեդուզա» կայքն էլ ենթադրել է, որ նրան կնշանակեն Ուկրաինայի անջատական տարածքներից մեկի ղեկավար:
Դմիտրի Ռոգոզինը 2018 թվականին է նշանակվել «Ռոսկոսմոսի» ղեկավար և Վլադիմիր Պուտինի հրամանագրով այդ պաշտոնից ազատվել է այս տարվա հուլիսին: