Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջոցով Բաքուն այսօր Երևանին է հանձնել ևս վեց զինծառայողի դի։ Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակությունը հաստատում է այս տեղեկությունը։
Սեպտեմբերի 20-ին Խաչի միջոցով հայկական կողմին է փոխանցվել ևս 95 զինծառայողի դի:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը մինչ օրս հիմնականում պահպանվել է:
Հայկական կողմը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել: