Սեպտեմբերի 21-ին, ժամը 20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը՝ ընդգծելով՝ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ հայկական կողմից կա մեկ վիրավոր:
«Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան», - գրել է ՊՆ խոսնակը:
Մոտ մեկ ժամ անց Թորոսյանը նոր գրառմամբ հայտնեց, որ «քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է «սոցցանցերում որոշ օգտահաշիվների տարածած անհիմն տեղեկատվությունը ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծման վերաբերյալ»:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը մինչ օրս հիմնականում պահպանվել է:
Հայկական կողմը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել: Երեկ Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին է փոխանցվել 95 զինծառայողի դի: