Մատչելիության հղումներ

Կարծում եմ` մոտ ժամանակներս կյանքի կկոչվի Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական աջակցության տրամադրումն արգելող բանաձևը. ընդդիմադիր պատգամավոր


Կա վճռականություն վերագործարկելու 907 բանաձևը Ադրբեջանի նկատմամբ։ Այս տպավորությունն են ստացել հայաստանյան ընդդիմադիրները Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակի հետ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած փակ հանդիպումից։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները շատ փակագծեր չեն բացում, միայն նշում են, որ հանդիպման զգալի հատվածը նվիրված էր Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիային։

«Մեծ ծավալով քննարկվել է 907 բանաձևի վերագործարկումը Ադրբեջանի նկատմամբ, ասել է թե` Ադրբեջանին ռազմական աջակցության վերացումը Ամերիկայի կողմից: Իմ անձնական կարծիքով` մոտ ժամանակներս դա կյանքի կկոչվի, համարում եմ, որ ինչպես ամերիկացիք են ասում, երկու կողմերում էլ` նկատի ունեմ և՛ դեմոկրատական, և՛ հանրապետական` Ամերիկայի կուսակցությունները այս հարցում համակարծիք կլինեն, որովհետև փաստերն ակնհայտ են, և Ամերիկան` որպես պետություն, ընդունել է այն փաստը, որ ադրբեջանական կողմն է ագրեսոր հանդիսանում ինչպես միշտ», - «Ազատությանն» ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

1992թ. ընդունված ԱՄՆ Սենատի`«Ազատության աջակցության ակտի» թիվ 907 բանաձևը Վաշինգտոնին արգելում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի զեկուցել ԱՄՆ Կոնգրեսին, որ Ադրբեջանը հրաժարվել է ուժի կիրառումից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ։ Բանաձևը որոշակի փոփոխությունների է ենթարկվել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ նախագահ Բուշը, վկայակոչելով ազգային շահերը, պահանջել էր Սենատից վերանայել այդ բանաձևը, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա ռազմական համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ հակաահաբեկչական պատերազմում: Այս տարիների ընթացքում հայկական կողմը դեմ է արտահայտվել բանաձևի այդ փոփոխությանը։

«Մենք նաև ասացինք, որ այո, ռազմական օգնությունը, որ տրամադրվել է Ադրբեջանին 2020 թվականի պատերազմից հետո, կարող է ընկալվել որպես կթան, այսինքն` եթե դու չես դատապարտում և չդատապարտելուց հետո էլ ֆինանսական, այդ թվում` ռազմական աջակցություն ես ցույց տալիս, այո, երկրի կարող են ստեղծվել բոլոր բարենպաստ պայմանները, որպեսզի շարունակի ռազմական հանցագործություններն իրականացնել: Եվ այս առումով ես ունեցա ընդհանուր ընկալում, պատկերացում, որ ավելի քան կա վճռականությունը հաջորդ տարվա համար համենայն դեպս վերանայելու և կասեցնելու Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը», - հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Իր հրապարակային հայտարարություններում Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակը ոչինչ չասաց 907 բանաձևի հնարավոր վերագործարկման մասին։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի ու լրագրողների հետ հանդիպումից հետո տեղեկացրեց միայն, որ Կոնգրեսում նախապատրաստվում է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող նախագիծ, որի համահեղինակը կոնգրեսական Ադամ Շիֆն է:

Նենսի Փելոսին երեկ հանդիպել էր նաև հայաստանյան քաղհասարակությանը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ 907 բանաձևի հարցը փակ հանդիպմանը բարձրաձայնել են նաև քաղհասարակության ներկայացուցիչները։ Ինքը՝ Իոաննիսյանն ասաց՝ ընդհանուր առմամբ բաց և անկեղծ հանդիպում է եղել. «Գոնե ես փոխանցել եմ այն հանրային տրամադրությունները, որ Հայաստանի քաղաքացիներն այլս որևէ հույս, ակնկալիք կամ պատրանք չունեն Հավաքական անվտանգության պայմանագրի վերաբերյալ, և իմ տպավորությունն այն է, որ անվտանգության նորմալ երաշխիքներ ստանալու դեպքում Հայաստանի հասարակությունը կաջակցի ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը»:

Փելոսիի այցի նախօրեին Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով սկսեցին բարձրաձայնել ՀԱՊԿ-ից դգժոհությունների մասին և ուղիղ մեղադրել Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։ Ադրբեջանական վերջին հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից փաստացի մերժեցին ռազմական օգնությունը, հանրային հարթակներում շատ է քննարկվում, թե Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից և ի դեմս ՆԱՏՕ-ի` այլընտրանք փնտրել։ Ընդդիմադիրները սա ռիսկային ու վտանգավոր գործընթաց են համարում։

«Այս պահին ՀՀ տարածքում կան ադրբեջանական զինված ուժեր, օկուպացված տարածքներ, մեր տարածաշրջանը բավականին լարված է, և այս առումով ես կարծում եմ` ցանկացած սուր, կտրուկ քայլ կարող է ընդամենը արկածախնդրություն լինել, որը մեզ որևէ լավ տեղ չի տանի: Ես այս ընթացքում, իհարկե, շատ եմ լսում քննադատություն կամ առաջարկ առ այն, որ պետք է անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից, և հետո չեն ասում` ինչ պետք է լինի, բայց անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այն, թե ինչպես է իրեն պահում ՀԱՊԿ-ը, իհարկե, բազմաթիվ հարցեր է առաջացնում, միևնույն ժամանակ ցանկացած մեկը, որն առաջարկում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, պետք է ասի, թե հաջորդ վայրկյանին Հայաստանի Հանրապետության գործողություններն ինչպիսին պետք է լինեն` արդյոք հաշվարկված են այն բոլոր ռիսկերը, որոնք կարող է իր հետ բերել ՀԱՊԿ-ից դուրս գալը», - ընդգծում է Աննա Գրիգորյանը:

Ընդդիմադիրները արծարծել են նաև Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրները։ Ընդդիմադիր «Պատվիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, սակայն, ասաց՝ եթե Հայաստանին աջակցելու Վաշինգտոնի պայմաններից մեկը ժողովրդավարության ցուցիցն է, ապա իրենք չեն փորձի հակառակը համոզել Միացյալ Նահանգներին, ինչքան էլ որ իրենք ժողովրդավարությունից ակնհայտ նահանջ են տեսնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG