ԱՄՆ պետքարտուղարը կիրակի օրը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ հորդորելով Իլհամ Ալիևին պահպանել Հայաստանի հետ հրադադարը։
«Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել զինուժը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերը խաղաղ բանակցություններով կարգավորելու ուղղությամբ»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Ավելի ուշ Թվիթերի իր էջում այդ մասին հաղորդել է նաև Բլինքենը, ընդգծելով, որ կոչ է արել Ալիևին վերադառնալ խաղաղ բանակցությունների։
Անցած շաբաթ Հայաստանի դեմ սկսված ռազմական գործողություններից հետո սա Բլինքենի արդեն երկրորդ հեռախոսազրույցն է Ադրբեջանի նախագահի հետ։