Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 12-14-ը վիրավորվել է ադրբեջանցի 282 զինծառայող, 21-ի վիճակը ծանր է. Ադրբեջանի ՊՆ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 12-14-ը վիրավորվել է 282 զինծառայող, որից 43-ը վերադարձել է ծառայության, 115-ի վիճակը բավարար է, 103-ինը՝ միջին ծանրության, 21-ինը՝ ծանր:

Պաշտոնական Բաքվի հրապարակած վերջին տվյալներով՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Հայաստանի սահմանին սկիզբ առած բախումներում զոհվել է 79 ադրբեջանցի զինծառայող:

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է:

XS
SM
MD
LG