Մինչ հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հարցում հիմնական դերակատարությունը եղել է Միացյալ Նահանգների կողմից, Ռուսաստանի նախագահը երեկ հայտարարեց, որ հակամարտությունը հնարավոր է եղել տեղայնացնել մեծամասամբ Ռուսաստանի միջնորդությամբ։ Ընդ որում, կատարվածը Վլադիմիր Պուտինը որակեց որպես սահմանային միջադեպ, որը տեղի է ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ, իր խոսքով, բոլորովին այլ տարածաշրջանում:
Ադրբեջանի նախագահն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Պուտինին օպերատիվ միջամտության համար։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ սահմանային սրացմանն օպերատիվ արձագանքելու համար», - ասաց Իլհամ Ալիևը:
Երեկ ուզբեկական Սամարղանդում` Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին հավաքվել էին մեր տարածաշրջանի գլխավոր դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահները, ինչպես նաև Ադրբեջանի առաջնորդը, ով, ինչպես և Թուրքիայի նախագահը, նիստին մասնակցում էր որպես կամակերպության գործընկեր պետության ղեկավար։ Նույն կարգավիճակն այս կազմակերպությունում ունի նաև Հայաստանը, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այցը Սամարղանդ չեղարկել էր։ Դա, սակայն, չխանգարեց ներկա նախագահներին քննարկել հայ - ադրբեջանական վերջին ռազմական բախումները թե՛ գագաթնաժողովի նիստին, թե՛ երկկողմ հանդիպումներում։
Ռուսական «Կոմերսանտ»-ն այս կապակցությամբ գրել է, թե Ադրբեջանին քննադատող Փաշինյանի բացակայությունը նիստից թերևս թույլ տվեց, որ դահլիճում ներկաների ուրախությունը ոչինչ չխաթարի. - «Քանի որ Ղրղըզստանի ու Տաջիկստանի նախագահները հրապարակավ չեն անդրադառնում տարաձայնություններին, միայն Երևանի և Բաքվի հակամարտությունն էր, որ կարող էր սպառնալ ներքին հանգստությանը»:
Այդուամենայնիվ, ուրախության այս ֆոնին լուրջ մտահոգություն հնչեցրեց Իրանի նախագահը՝ վերստին ընդգծելով, որ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն ու հարևան երկրների տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն անընդունելի է Թեհրանի համար:
«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելը և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն մերժելը։ Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է իր ազգային շահերն ու անվտանգությունը և տարածաշրջանը, նա նաև հայտարարում է այս երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները լուծելու իր պատրաստակամության մասին», - հայտարարեց Էբրահիմ Ռայիսին:
Մինչդեռ Իլհամ Ալիևն իր ելույթում, որը գրեթե ամբողջությամբ նվիրված էր հայ - ադրբեջանական հակամարտությանը, կրկին մեղադրեց հայկական կողմին։ Ալիևն ըստ էության հայտարարեց, թե Բաքուն չի ընդունում Հայաստանի առաջ քաշած առաջարկները` Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու կարգավիճակը քննարկելու վերաբերյալ, և պատրաստ է խաղաղության պայմանագիրը կնքել բացառապես սեփական առաջարկների հիման վրա՝ դա դիվանագիտորեն անվանելով քննարկումներ «առանց նախապայմանների ու արհեստական ձգձգումների»:
Ուշագրավ է նաև այն, որ Ադրբեջանի նախագահն երեկ առաջին անգամ նաև Պուտինի ներկայությամբ օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Մինչ այդ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը Ալիևն օգտագործում էր կամ ներքին լսարանի համար, կամ էլ իր դաշնակից թյուրաքալեզու երկրների լսարանների առջև ելույթներում: Այս անգամ նա այդ մասին խոսեց Ռուսաստանի ու Իրանի նախագահների ներկայությամբ:
«Զանգեզուրի միջանցքի գործարկումը է'լ ավելի կմեծացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտային կարողությունը», - հայտարարեց Իլհամ Ալիևը:
«Կոմերսանտ»-ը գրում է, թե հայ - ադրբեջանական հակամարտության թեման նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների օրակարգում էր։ Էրդողան-Պուտին հանդիպման բաց հատվածում, սակայն, նրանք հայ - ադրբեջանական վերջին բախումներից չեն խոսել: