Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի հաստատված զոհերի թիվը հասավ 135-ի: Այս տվյալը Կառավարության նիստի ժամանակ հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հավելելով՝ «բայց, ցավոք, այս թիվը վերջնական չէ»:
«Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ», - ասաց վարչապետը:
Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ Հայաստանի մշտական ներկայացուցչի հրպարակած տվյալների համաձայն՝ հայկական կողմում կան տասնյակ վիրավորներ ու անհետ կորածներ, առնվազն 7 ռազմագերի է նույնականացվել, և չի բացառվում, որ այս թիվը կարող է ավելի մեծ լինել: Մոտ 200 տուն զգալի վնասներ է կրել, 60֊ը` լիովին ավերվել:
«Ջերմուկի ռմբակոծումը, որտեղ ռազմական ոչ մի թիրախ չկա, պատերազմական հանցագործություն է», - պնդեց Մհեր Մարգարյանը, հավելելով` Ադրբեջանը թիրախավորել է նաև Կեչուտի ջրամբարը` ստեղծելով բնապահպանական ու հումանիտար ահռելի վտանգներ:
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Երեկվա դրությամբ հայկական կողմը հաղորդել էր իր հաստատված 105, Ադրբեջանը՝ 71 զոհվածների մասին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
ՀՀ ՊՆ խոսնակը սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև հաջորդած գիշերը, երեկ օրվա ընթացքում և այս գիշեր:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: