Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Փաշինյանի և Բլինքենի միջև. ԱՄՆ պետքարտուղարն «անձամբ ներգրավված է մնալու»


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

Հաղորդագրության համաձայն՝ Բլինքենն ամերիկյան կողմի ցավակցություններն է փոխանցել Հայաստան - Ադրբեջան սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական գործողություններում կյանքը կորցրածների համար:

«Պետքարտուղարը վերահաստատեց մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Նա ասաց, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է դեպի առաջ, և նշեց, որ ինքն անձամբ ներգրավված է մնալու», - ասված է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Հայաստանի վարչապետի երկրորդ հեռախոսազրույցն է հայ - ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունների սկզբից ի վեր:

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 71 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև նախորդ գիշերը, հինգշաբթի առավոտյան և օրվա ընթացքում: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
XS
SM
MD
LG