Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը հինգշաբթի օրն այցելել է Ջերմուկ: Այցի ընթացքում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները Խաչատրյանին են ներկայացրել օպերատիվ իրավիճակը։
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Վահագն Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանի, պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատներ։
Նախագահը շրջել է քաղաքում և այցելել դիրքեր, հանդիպել է առանձին դիրքում կանգնած զինվորների հետ։ Նախագահը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող մարտիկների հետ։
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 71 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: