Երեքշաբթի օրվանից Հայաստանի սահմանների նկատմամբ սկսված հարձակումից հետո Հայաստանի 3 մարզերի սահմանամերձ համայնքներում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ, այդ թվում՝ օժանդակ կառույցները, այսօր տեղեկացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։
«Մի շարք համայնքներ հոսանքազրկվել են հրետակոծության հետևանքով, ՀԷՑ-ը արագ վերականգնել է, մնացել է միայն Ներքին Շորժան, որտեղ դեռևս չի հաջողվել իրականացնել հոսանքի ու հեռահաղորդակցության ենթակառուցվածքի վերականգնումը», - ասաց Տերտերյանը։
Ըստ փոխնախարարի՝ մարզպետարանների միջոցով կձևավորվեն հանձախմբեր, որոնք տեղում բնակիչների աջակցության աշխատանքները կիրականացնեն, իսկ հիմա գործում է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծը։ Փոխնախարարն ասաց նաև, որ առաջիկայում ավելի մանրամասն կհաշվարկեն վնասները, կգույքագրեն։
«Եթե նույնիսկ այս պահին որևէ բան բաց է մնացել, վստահ պիտի լինեն, որ մենք մեր մարզպետարանների, համայնքների միջոցով այդ աշխատանքը պատշաճ կանենք», - հավաստիացրեց նա։