Ժամը 21-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Այդուհանդերձ, ՊՆ խոսնակը նշեց, թե հայկական դիրքերի, բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության և Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է:
Արամ Թորոսյանը նաև հերքեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր Հայաստանի զինված ուժերը խախտել են այսօր ժամը 9-ից սկսած հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը՝ հրետակոծելով ադրբեջանական դիրքերը:
«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության այս հայտարարությունը բացահայտ անհեթեթություն է, քանի որ կեսգիշերից սկսած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ոչ մի րոպե չեն դադարեցրել հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունն ու գնդակոծությունը», - նշեց ՊՆ խոսնակը՝ հայտարարելով, որ Պաշտպանության նախարարությունը բացառապես պատասխանել է պաշտոնական Բաքվի «սանձազերծած լայնածավալ ագրեսիային»:
Բախումները սկսվել են երեկ: Կեսգիշերն անց հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանի զինուժը մի քանի` Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմն էլ հայկական կողմին մեղադրեց սադրանքների մեջ: