Մատչելիության հղումներ

Լավրովն ու Բայրամովն անդրադարձել են տարածաշրջանային լարվածությանը


Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով սահմանային բախումներն ու լարվածությունը տարածաշրջանում:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Ջեյհուն Բայրամովը Սերգեյ Լավրովին է ներկայացրել վերջին իրադրությունը, որը ծագել է, իր խոսքով, «Հայաստանի զինված ուժերի լայնամաշտաբ սադրանքների հետևանքով», ինչպես նաև «Ադրբեջանի ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները»:

Ըստ պաշտոնական Բաքվի` ընդգծվել է, թե «Հայաստանի զինված ուժերը վերջին ամսվա ընթացքում պարբերաբար կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», «հեճուկս եռակողմ հայտարարության՝ դուրս չեն բերել հայկական զինված միավորումները այդ տարածքներից»:

Սերգեյ Լավրովը իր հերթին շեշտել է տարածաշրջանում հակամարտություն թույլ չտալու անհրաժեշտությունը, ինչպես նաև եռակող հայտարարության դրույթների լիարժեք կատարման կարևորությունը:

Ռուսական կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրությամբ հանդես չի եկել: ՌԴ արտգործնախարարը այսօրվա ընթացքում երկու անգամ զրուցել է նաև հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ: Արարատ Միրզոյանն էլ Լավրովին ներկայացրել է այս կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը։

«Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված քայլերի՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու մասին՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու նպատակով», - ավելի վաղ հաղորդել էր հայկական ԱԳՆ-ն։

XS
SM
MD
LG