Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ Միրզոյանը շեշտվել է, որ «ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ»։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է Ադրբեջանի գործողությունների հասցեական և համարժեք միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը հաղորդել է առնվազն 49 զոհի մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։
Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: