Պաշտոնական Անկարան Երևանին մեղադրում է սահմանային սադրանքների համար և հորդորում վերադառնալ բանակցությունների, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ պնդելով, թե Հայաստանը խաղաղության հնարավորությունից օգտվելու փոխարեն սադրում է:
«Հայաստանը պետք է դասեր քաղի և խաղաղություն ուզի: Ադրբեջանը խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին մենք աջակցում ենք: Պետք է որոշել սահմանները, դրա համար համատեղ հանձնաժողով է ստեղծվել: Սրա վրա կենտրոնացեք, դուրս եկեք Ղարաբաղից», - նշել է արտգործնախարարը:
Մևլյութ Չավուշօղլուն վերստին ընդգծել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը Ադրբեջանից անկախ չի տարվում, ինչի մասին բոլորին հայտնի է: Նրա համոզմամբ, եթե տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն են ուզում, ապա բոլոր երկրների միջև խնդիրները պետք է լուծվեն և այս հարցում Թուրքիան կարևոր դեր է խաղում: Չավուշօղլուն հերթական անգամ կրկնել է՝ «Ադրբեջանը մենակ չէ»: