Մատչելիության հղումներ

Բլինքենն անթույլատրելի է համարում իրադրության հետագա լարումը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել, հայտնում են կառավարությունից:

Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջնորդների հետ:

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի վաղ հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

XS
SM
MD
LG