Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության, Ադրբեջանը կիրառում է նաև անօդաչու թռչող սարքեր:
Այլ մանրամասներ ռազմական գերատեսչությունը դեռ չի հայտնում:
Մինչ այդ հայ֊ադրբեջանական սահմանի մի շարք համայնքների, այդ թվում`Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզի բնակիչներն ահազանգել էին կրակոցների ու ռմբակոծության մասին:
Վերին Շորժայի գյուղապետը «Ազատությանն» ասել է, որ ադրբեջանական բանակը «ինտենսիվ կրակ է բացել»,Վարդենիսից ևս հաղորդել են հրադադարի խախտման ու համայնքում լսվող պայթյունների մասին, կրակոցներ են լսվում նաև Ջերմուկում: «Ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել Կապանի ուղղությամբ, այդ թվում օգտագործելով անօդաչու թռչող սարքեր»,֊Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Գորիսում ևս հաղորդում են անօդաչուների մասին, բնակիչներից շատերը պատսպարվել են նկուղներում:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն էլ, իր հերթին, հայտարարում է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը մթության մեջ, օգտագործելով լեռնային տեղանքն ու կիրճերը, տարբեր ուղղություններով ականապատել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերի և մատակարարման ճանապարհների միջև ընկած տարածքները։
«Այս գործողությունները կանխելու նպատակով մեր ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղի է ունեցել ռազմական բախում»,-հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ն և հավելում, որ հայկական կողմից կան կորուստներ անձնակազմի շրջանում, վնասվել են ռազմական ենթակառուցվածքներ։
Օգոստոսի 31-ին Շարլ Միշելի միջնորդությամբ Ալիև-Փաշինյան բանակցություններից հետո Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով հայկական կողմին մեղադրում է իր դիրքերի ուղղությամբ կրակելու համար, Երևանը հերքում է այս տեղեկությունները:
Անցած շաբաթավերջին Ադրբեջանի Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել՝ բանակին կարգադրելով մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին «հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»: