Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ն, Արցախի ՊԲ-ն հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին Բաքվի պնդումները


Սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ շեշտելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ», - ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, թե սեպտեմբերի 11-ի երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Գորիսի շրջանի դիրքերից կրակել են իրենց բանակի դիրքերի ուղղությամբ։

Բաքուն հայկական կողմին նաև մեղադրել է Արցախից իր դիրքերը գնդակոծելու համար։ Արձագանքելով՝ Արցախի պաշտպանության բանակը հայտնել է, որ հաղորդում իրականությանը չի համապատասխանում։

Վերջին օրերին պաշտոնական Բաքուն նման բնույթի հաղորդագրություններ տարածում է գրեթե ամենօրյա ռեժիմով, Երևանն էլ դրանք հերքում է: Օրեր առաջ, մինչդեռ, սահմանին հայ զինվոր է սպանվել, նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ Ադրբեջանի գործելաոճը չի նպաստում սահմանային իրավիճակի իրական կայունացմանը:

XS
SM
MD
LG