Մատչելիության հղումներ

Ռուսաստանում սկսվել են տեղական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր


Ռուսաստանում այսօր սկսվել են տեղական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր և կավարտվեն միասնական քվեարկության օրը՝ սեպտեմբերի 11-ին: Քվեարկությունն անցնում է Ռուսաստանի 82 մարզերում, այդ թվում՝ Մոսկվայում։ Ընդորում՝ Ռուսաստանի մայրաքաղաքում ընտրատեղամասերը բացելուց ժամեր անց արդեն էլեկտրոնային եղանակով քվեարկել է ավելի քան 220 հազար մարդ, Telegram-ում գրել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

Նախկին ընտրություններին էլեկտրոնային քվեարկությամբ աննախադեպ բարձր տոկոսներ էին ստացել բացառապես իշխանամետ թեկնածուները։ Ընտրություններ են նաև Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդի շրջանում՝ չնայած տեղում ահաբեկչական վտանգը գնահատվել է «դեղին»՝ առավելագույնին մոտ։

Անկախ փորձագետների գնահատմամբ՝ ընթացիկ ընտրություններն ավելի շատ տեխնիկական բնույթ են կրում։ Ընդդիմադիր թեկնածուներն առաջադրվելու հնարավորություն մեծամասամբ չունեն։ Ընտրություններից առաջ Մոսկվայում, օրինակ, կրկին հալածանքներ են սկսվել անկախ քաղաքական գործիչների նկատմամբ։ Նրանց մեծ մասը մեղադրվում է բանակը հեղինակազրկելու, Ուկրաինայի դեմ պատերազմը քննադատելու կամ՝ օտարերկրյա գործակալ ճանաչված Ալեքսեյ Նավալնու հետ համագործակցելու համար։

Եզակիներից մեկը, որ հնարավորություն է ստացել մասնակցել այս ընտրություններին, ընդդիմադիր Յաբլոկոն է, որն ընտրություններին գնում է «պատերազմի դեմ, խաղաղության համար» կարգախոսով։

Նավալնին կոչ է անում գնալ ընտրատեղամասեր և մասնակցել «խելացի քվեարկությանը»

Ռուսաստանի թերևս ամենահայտնի ընդդիմադիր գործիչ, անազատության մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնին նախկինի պես կոչ է անում գնալ ընտրատեղամասեր և մասնակցել, այսպես կոչված, «խելացի քվեարկությանը», այսինքն՝ ձայն տալ թեկնածուին, որը իշխանությանը հաղթելու ամենամեծ շանսերն ունի։

Վլադիմիրի շրջանի թիվ 6 խիստ ռեժիմի գաղութում գտնվող Նավալնիի ուղերձը հրապարակվել էր նախօրեին՝ Twitter-ում։ «Խելացի քվեարկությանը» մասնակցելով՝ դուք քվեարկում եք պատերազմի, ստի, կոռուպցիայի ու աղքատության դեմ», - բանտից հայտարարել է Կրեմլի կոշտ քննադատը՝ հույս հայտնելով, որ բոյկոտի կողմնակիցներն ավելի արդյունավետ գործելաոճ կգտնեն:

Ընդդիմադիր գործիչ Դանիել Մախնիցկին «խելացի քվեարկությունը» վարչական ռեսուրսի այլընտրանք է համարում:

«Ստացվում է, որ այն թեկնածուն, ում աջակցում է «խելացի քվեարկությունը», ունենում է գրեթե հավասար հնարավորություն ինչ և իշխանության թեկնածուն, որն օգտագործում է վարչական ռեսուրսը։ Եվ սա այն նոր իրականությունն է, որի դեմ ակտիվ պայքարում է քաղաքական իշխանությունը», - ասել է Մախնիցկին։

Այս տարվա ընտրությունների հիմնական ինտրիգներից էր՝ արդյո՞ք իշխանությունը այս քվեարկության հետ միաժամանակ նաև հանրաքվե կկազմակերպի Ուկրաինայի գրավված տարածքներում՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ։ Այս փուլում, սակայն, ակնհայտ է, որ Մոսկվան ետ է կանգնել այդ մտքից․ այս մի քանի օրը ոչ Խերսոնի, ոչ Զապարոժիեի, ոչ Լուգանսկի, ոչ էլ Դոնեցկի մարզերում հանրաքվեներ նախատեսված չեն։

Իսկ հիմնական սկանդալը արձանագրվել էր ընտրություններից առաջ Սանկտ Պետերբուրգում։ Նախօրեին քաղաքի Սմոլնինսկի շրջանի պատգամավորները որոշել են դիմել Պետդումային՝ Պուտինին դավաճանության մեջ մեղադրելու և նրան պաշտոնանկ անելու համար։ Պատգամավորները կարծում են, որ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու Պուտինի հրամանը վնասում է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգությանը։ Կոչն ուղարկվել է Մոսկվա՝ Պետդումայի խմբակցությունների ղեկավարներին և Ռուսաստանի Անվտանգության խորհրդին, որը գլխավորում է Պուտինը։

Այսօր ուղերձը ստորագրած յոթ պատգամավորներին հրավիրել են ոստիկանություն, նրանց դեմ իրավապահները պատրաստվում են ռուսական բանակը վարկաբեկելու համար հոդվածով գործ հարուցել։

XS
SM
MD
LG