Մատչելիության հղումներ

Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է դեռ երկու ամիս առաջ. Դատախազություն


Գլխավոր դատախազությունն այսօր հաստատեց շաբաթներ շարունակ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ միջազգային հետախուզումը դադարեցվել է:

Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2020թ. մարտի 23-ից, և հենց այդ ժամանակ էլ, ըստ դատախազության, հայկական կողմը Ինտերպոլին ներկայացրել է Մինասյանի մեղադրանքին առնչվող փաստաթղթեր և հիմնավորումներ՝ միջազգային հետախուզում հայտարարելու համար:

Ըստ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի, Ինտերպոլը միջազգային հետախուզումը դադարեցրել է դեռ երկու ամիս առաջ` Մինասյանի ներկայացրած դիմումի քննարկման արդյունքում: Հայաստանի դատախազությունը, սակայն, դրանից տեղյակ չի եղել, և միայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո է «օպերատիվ» քայլեր ձեռնարկել, և ոստիկանությունից տեղեկացել, որ «Ինտերպոլը 2022թ. հուլիսի 7-ից դադարեցրել է միջազգային հետախուզումը»: Դատախազությունը պնդում է, թե որոշման հիմքերը չեն ներկայացվել, սակայն չի մանրամասնում` ոստիկանությունից չի ստացել, թե դրանք ընդհանրապես Հայաստանի իշխանություններին չեն ներկայացվել: Դատախազության հաղորդագրությունը նաև չի մանրամասնում, թե երբ է Հայաստանի ոստիկանությունը Ինտերպոլից ստացել հետախուզումը դադարեցնելու որոշումը, ստանալուց հետո ինչ քայլեր է ձեռնարկել, և ինչու է Գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներից հետո միայն տեղեկացել այս մասին:

Դատախազությունը միայն պնդում է, թե «սկսել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու և դրանից բխող համապատասխան նոր ընթացակարգեր նախաձեռնելու ուղղությամբ»: Թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը, ինչ են ենթադրում նոր ընթացակարգերը` հստակ չէ: Դատախազությունը այս պահին միայն հերքում է, որ Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է ՀՀ իրավասու մարմինների նախաձեռնությամբ:

XS
SM
MD
LG