Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում կառաջադրվի Ֆոլքեր Թյուրքի թեկնածությունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է կազմակերպության Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում առաջադրել ավստրիացի փորձառու դիվանագետ Ֆոլքեր Թյուրքի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են մի շարք արևմտյան առաջատար լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները:

Թյուրքը ներկայումս աշխատում է Գուտերեշի գրասենյակում որպես քաղաքականության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ և ժամանակավորապես փոխարինում է Միշել Բաչելետին, ում քառամյա պաշտոնավարումն ավարտվել է օգոստոսի 31-ին։

57-ամյա ավստրիացի դիվանագետն ավելի քան երեք տասնամյակ աշխատել է ՄԱԿ-ում, ղեկավարել է այդ թվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը։

Բաչելետը պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է իր հասցեին քննադատությունների ֆոնին․ միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպես նաև Եվրախորհրդարանը նրան մեղադրում են Պեկինի «վայրագությունների» վրա աչք փակելու՝ մասնավորապես ույղուրների նկատմամբ Չինաստանի իշխանությունների գործողություններին պատշաճ գնահատական չտալու համար։

Ույղուրների մեծ մասը բնակվում է Չինաստանի արևմտյան Սինցզյան նահանգում։ Ըստ իրավապաշտպան կառույցների, պաշտոնական Պեկինը շարունակաբար բռնությունների և ճնշումների է ենթարկում նրանց՝ ստիպելով հրաժարվել իրենց կրոնից, լեզվից և մշակույթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG