Կանադայի Սասկաչևան նահանգում զանգվածային սպանության մեջ կասկածվողը մահացել է ոստիկանների կողմից բռնվելուց հետո:
32-ամյա Մայլզ Սանդերսոնը ձերբակալվել էր Ռոսթերն քաղաքի մոտ: Ձերբակալվելուց կարճ ժամանակ անց նրա մոտ առողջական խնդիրներ են սկսվել, ոստիկանությունը շտապօգնություն է կանչել, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ արձանագրվել է մահը։ Ոստիկանության տվյալներով՝ Մայլզ Սանդերսոնը մահացել է ինքն իրեն հասցրած վերքերից։
Նրա եղբորը՝ Դեմիենին, որը նույնպես կասկածվում է հարձակումների մեջ, մահացած էին գտել երկու օր առաջ:
Հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 4-ին՝ 10 մարդ էր մահացել, ևս 18-ը՝ վիրավորվել: Զոհերը հայտնաբերվել էին 13 տարբեր վայրերում։
Ոստիկանությունը հայտնել էր, որ հարձակումների մեջ երկու տղամարդու է կասկածում, նրանք փախուստի մեջ են, զինված են և վտանգավոր։