Մատչելիության հղումներ

«Ոչ թե 24 միլիոնի, այլ պրոֆեսիոնալ բանակի մասին նախաձեռնություն». Իշխանական պատգամավորները պաշտպանում են ՊՆ նախագիծը


«Ոչ թե 24 միլիոնի, այլ պրոֆեսիոնալ բանակի մասին նախաձեռնություն», - լրագրողներին այսօր փորձեց ուղղել Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով Պաշտպանության նախարարության մշակած օրենքի նախագծի մասին հարցին, ըստ որի մոտ 60 հազար դոլար վճարելու դիմաց հնարվոր կլինի բանակում 4.5 ամիս ծառայել 2 տարվա փոխարեն։

«Ոնց որ Սեյրան Օհանյանի միտինգի ելույթից հատվածներ ասեք, հասարակությունը դեռ չի քննարկել, մինչև այս պահը ես չեմ խոսել, և մեր հանձնաժողովը չի խոսել», - նշեց Քոչարյանը:

Թեև նախաձեռնությունն Ազգային ժողովում դեռ չի քննարկվել և առայժմ հանրային քննարկման է դրված edraft.am-ում, սակայն որևէ բացասական տեսակետ մինչև այս պահը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից չի հնչել: Ավելին՝ օրերս թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտպանելով նախագիծը և նկատելով, որ դրա շուրջ փորձ է արվում աղմուկ ստեղծել։

«Էնպիսի տպավորություն ա, որ օրենքը, որ մինչև հիմա չկար, բոլորն առանց սոցիալական շերտավորման բանակում ծառայում էին, եկեք խոստովանենք, որ մի X պահի բանակում ծառայում էին և մարտական հերթապահության հայտնվում էին, կներեք, բայց սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները», - նշեց վարչապետը:

Կատարյալ օրինագիծ չէ, բայց լուծում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհին, 3 օր առաջ համոզմունք էր հայտնել Փաշինյանը՝ առաջին անգամ անդրադառնալով այս թեմային. - «Մենք մեկ ժամկետայինի գումարով հնարավորություն ենք ունենում մեկ կամ երկու պրոֆեսիոնալ բարձր մակարդակի զինվոր ունենալ»:

Պաշտպանության նախարարությունը նախագիծը օգոստոսի վերջին շրջանառության մեջ դնելիս իր հերթին հիմնավորումներում գրել էր, որ մեկ անձին ավելի քան 1.5 տարվա ծառայությունից ազատելու համար ստացվող այդ 24 միլիոնով 5 տարի կվճարեն պայմանագրային մեկ զինծառայողի՝ ամսական 400 հազար դրամ, և սա արհեստավարժ զինվորական ծառայություն ներդնելու կարևոր բաղադրիչներից է:

Այս պահին պայմանագրայինների սկզբնական նվազագույն աշխատավարձը 124 հազար դրամ է՝ առանց մարտական հերթապահության և 200 հազար նաև հերթապահություն իրականացնելու դեպքում։

Օհանյանը կասկածում է, թե նման փոփոխությամբ հնարավոր է ֆինանսական հարցեր լուծել

Ութ տարի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, այժմ ընդդիմադիր Սեյրան Օհանյանը այսօր ևս մեկ անգամ ասաց՝ կասկածում է, թե նման փոփոխությամբ հնարավոր է ֆինանսական հարցեր լուծել։

«Պայմանագրային ծառայության ընդլայնման համար հիմք է հանդիսանում տվյալ պետության բյուջեն իր արդյունավետ բաշխմամբ և արդյունավետ կառավարմամբ, հատկապես, բանակի համար համապատասխան հատկացումների էս տարիների ավելացումներով», - նշեց Օհանյանը:

Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կան հաշվարկներ, թե պարտադիր ժամկետային զինծառայողների քանի տոկոսը պատրաստ կլինի վճարել 24 միլիոն դրամ և որքան ֆինանսական մուտք սա կարող է ապահովել պաշտպանական բյուջե։

«Ամենակարևոր գաղափարը՝ բոլորս՝ զորակոչվածները, բոլորը, գնում ենք 4,5 ամսվա ուսուցման պրոցես, այդտեղից սկսում է ուսուցումը, ուսուցումից հետո նաև ալտերնատիվ ուսուցանում ստացած զորակոչիկներին տրվում է հնարավորություն՝ կցանկանա՞ք դուք 5 տարի ժամկետով անցնել պրոֆեսիոնալ բանակի կառույցների ծառայության, բայց ուսուցման պրոցեսը լինելու է կատարյալ: Չկա 24 միլիոնի օրինագիծ, կա պրոֆեսիոնալ բանակի անցման փաթեթ», - ընդգծեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահը:

Այնուամենայնիվ, ըստ ընդդիմության, հասարակության մեջ նոր ջրբաժան ստեղծող այս նախագիծը կաղում է նաև այլ առումով. Սեյրան Օհանյանն ասում է՝ անվտանգային նման բարդ պայմաններում պետք է ոչ թե հեշտացնել, այլ` խստացնել ծառայելու պայմանները։

«Մեր նման երկրներում, օրինակի համար, մեր նման երկիր, որ շրջապատված է հակառակորդներով, Իսրայելն է, Իսրայելում էդ ո՞նց ա ժամկետային ծառայություն կա, ընդ որում, նաև կանայք էլ են ժամկետային ծառայում: Այսօր եվրոպական շատ երկրներում, որտեղ խնդիրներ են առաջացել, ուզում են նորից ժամկետային ծառայությունը վերականգնել, մերոնք ժամկետային ծառայությունը վերացնում են, ու էդքան դուխ ունեն, որ իրանք գնան պրոֆեսիոնալ բանակի ստեղծման», - ասաց Օհանյանը:

Թեև իշխանությունները վերջին ընտրություններից սկսած խոսում են պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելու մասին, դրա վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Պաշտպանության նախարարությունը հրապարակել է փոփոխություններ նախագիծ միայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։

XS
SM
MD
LG