Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Թուրքիայի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Գյանջայում


Գյանջայում Ադրբեջանի և Թուրքիայի օդային ուժերը համատեղ զորավարժություն են սկսել, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Այս նպատակով օրերս Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների և տեխնիկական հարցերով անձնակազմի ու ինքնաթիռների առաջին խումբը մեկնել էր Ադրբեջան:

Այսօր «TurAz Kartalı-2022» մարտավարական վարժանքների մեկնարկի միջոցառման ժամանակ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գեներալ մայոր Զաուր Ռուստամովը ընդգծել է, որ նման զորավարժությունների անցկացումը կարևոր նշանակություն ունի համատեղ գործողությունների ծրագրման, փոխգործակցության և մարտական գործողություններում զինվորների միջև համագործակցության կատարելագործման, ինչպես նաև որոնողական ու փրկարարական առաջադրանքների կատարման տեսանկյունից:

Միջոցառմանը ներկա Գյանջայի քաղաքապետն էլ խոսել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների և համագործակցության հաջող ընթացքի ու զարգացման մասին: Վարժանքների մեկնարկի հանդիսությանը տեղեկություն է տրվել դրանց նպատակի վերաբերյալ, այն է՝ զինանձնակազմի մարտական պատրաստականություն, տեղաբաշխում, առաջադրանքների կատարում, ավիացիայի կիրառում:

Զորավարժություններում ներգրավված զինծառայողների, զինտեխնիկայի, օդանավերի տեսակի և քանակի մասին չի հաղորդվում։ Անցած տարի երկու երկրների ռազմաօդային ուժերի«TurAz Kartalı-2021» զորավարժությունները անցկացվել էին թուրքական Քոնիայում:

Միևնույն ժամանակ այսօր Բաքու է ժամանալ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը: Աշխատանքային այցի շրջանակներում Գյուլերը առաջիկա օրերին մասնակցելու է «ADEX 2022» միջազգային պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին: Անցած շաբաթ էլ Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Անկարայի ու Բաքվի ռազմական դաշնակցությունն է'լ ավելի ամրապնդվեց 44-օրյա պատերազմից հետո, որն ամրագրվեց 2021-ի հունիսին ստորագրված Շուշիի հռչակագրով:

Թուրքիան մեծապես աջակցում է Ադրբեջանի բանակաշինությանը, ադրբեջանական զինուժի ու զինտեխնիկայի կատարելագործմանն ու զարգացմանը: Վերջին մի քանի տարում երկու երկրների ռազմավարական սերտ համագործակցության շրջանակներում թուրք-ադրբեջանական ցամաքային, ծովային ու օդային ուժերի համատեղ զորավարժությունները պարբերական բնույթ են կրում: Զուգահեռաբար, ամեն տարի Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական բարձր համագործակցության խորհրդի նիստեր են անցկացվում:

Մեկ տարի առաջ էլ թուրք-ադրբեջանական լայնամաշտաբ մարտավարական վարժանքներ էին տեղի ունեցել Լաչինում, ապա Նախիջևանում:

XS
SM
MD
LG