Մատչելիության հղումներ

Զապորոժիեի ատոմակայանը կորցրել է կապն իր վերջին հիմնական էլեկտրահաղորդման գծի հետ


Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանը կորցրել է կապն իր վերջին մնացած հիմնական էլեկտրահաղորդման գծի հետ, հայտնում է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողությունը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հավելել է, որ Եվրոպայում ամենամեծ կայանն այժմ ապավինում է պահուստային գծին՝ Ուկրաինայի ցանցին էլեկտրաէներգիա մատակարարելու համար:

Բացի այդ, Ուկրաինայի պետական միջուկային ընկերությունը հայտնել է, որ կայանի վեց ռեակտորներից միայն մեկն է այժմ գործում:

Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում կայանի շուրջ մարտական ակտիվության համար:

ԱԷՄԳ-ի տեսուչները հինգշաբթի ժամանել են ատոմակայան անվտանգության խնդիրների պատճառով:

ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, թե խիստ անհանգստացած է Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման և կառույցի աշխատակիցների անվտանգության բացակայության կապակցությամբ, որոնք ստիպված են աշխատել ռուս զինվորականների հսկողության ներքո։

Ամփոփելով Զապորոժիեի ԱԷԿ այցի առաջին արդյունքները՝ Գրոսսին պնդել է, որ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի ֆիզիկական ամբողջականությունը բազմակի անգամ խախտված է: «Ատոմակայանին հասցված այդ վնասը, անկախ դրա պատճառներից, անընդունելի է», - հայտարարել է ՄԱԿ-ին կից կառույցի ղեկավարը:

XS
SM
MD
LG