Գործարար Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ Հայաստանում պաշտոնի առաջարկ լինի, կհամաձայնի, այդ թվում, վարչապետի։ Վարդանյանն այսօր Ստեփանակերտում լրագրողներին պատմեց իր ծրագրերի մասին։
«Խոսում ենք ծառայության մասին, մենք պաշտոնը ասում ենք, ոչ թե որպես իշխանություն, որ ես եմ ձեր բոլորի իշխանը, այլ պաշտոնը այն է, որ ես ծառայում են ձեզ», - նշեց Վարդանյանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «ԻԴԵԱ» հիմնադրամի համահիմնադիրը երեկ հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու ու Արցախ տեղափոխվելու մասին։ 54-ամյա Վարդանյանն առաջարկում է ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության ճակատ։ Վարդանյանը պատրաստ է նաև Արցախի կառավարությունում պատասխանատվություն ստանձնել, բայց ասում է՝ դա չէ Արցախ տեղափոխվելու գլխավոր նպատակը. - «Ես ամեն ինչի պատրաստ եմ, բայց դա ոչ մի կապ չունի՝ ինչի համար եկել եմ»:
Ռուսաստանում 90-ականներին «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը ղեկավարած գործարարը խոսեց նաև «Ապրելու երկիր» կուսակցության հետ իր կապի մասին։ Այս կուսակցությունը, որ ղեկավարում է «Լուսավոր Հայաստանի» նախկին անդամ Մանե Թանդիլյանը, հիմնադրվել է ուղիղ մեկ տարի առաջ։ Ակտիվ մասնակցում էր համայնքային ընտրություններին։ Համահիմնադիր է նաև Փաշինյանի կառավարության նախկին անդամ Մեսրոպ Առաքելյանը։
«Եթե մենք խոսում ենք կուսակցությունը որպես գաղափար, «Ապրելու երկիրը», որի հետ ես համագործակցում եմ, ես ուրախ եմ Մեսրոպի և Մանեի հետ համագործակցելու, որովհետև գաղափարների շուրջ ենք, օրինակ, ոնց ենք մենք տեսնում Հայաստանը», - նշեց նա:
Մի շարք ոլորտներում Վարդանյանը զարգացման ծրագրեր ունի։ Ասաց՝ ժամանակի մեծ մասը Արցախում կանցկացնի։ Նոյեմբերից ավելի ակտիվ կլինի, կարծում է՝ Հայաստանում Արցախի ու արցախցիների նկատմամբ ատելություն կա ու ինքն ամեն ինչ անելու է, որ դա վերացնի։ Ներքին տուրիզմն է զարգացնելու, որ ուժեղանա Հայաստան-Արցախ կապը։
«Հայաստանում ատելություն կա Արցախի և արցախցիների նկատմամբ, ու մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում ապրող հայաստանցիները գան Արցախ ու տեսնեն Արցախը, պիտի գան ու տեսնեն՝ որ հողի համար ա, որ հուշարձանների, եկեղեցու համար մարդիկ իրանց կյանքն են տվել, իրանց երեխաները», - ընդգծեց Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանը վստահեցրեց, թե իր ներկայությունը արցախցիներին կհամոզի, որ մենակ չեն, իսկ Արցախում իր ակտիվության մասին հրապարակային հայտարարել է, որ նահանջի տեղ չլինի։
«Հասարակ ապրող արցախցին պիտի զգա, որ Ռուբեն Վարդանյանը լուրջ ա, էս քայլերից մեկն ա, որ ես հետ գնալու տեղ չեմ թողել ինձ: Չեմ ասելու վաղը՝ կներեք Մոսկվայում շատ լուրջ գործեր կան, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ, չեմ թողնելու ստեղ», - ասաց Վարդանյանը:
Ռուսաստանի քաղաքացիությունից գործարարի հրաժարվելը մեկնաբանվեց նաև որպես Ռուսաստանի դեմ Արևմուտքի սանկցիաների թիրախում չհայտնվելու քայլ։ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, թե սանկցիաներն իր նկատմամաբ չեն տարածվել։ Մինչ այս պահը ազատ շրջագայում է աշխարհով մեկ։