Ռազմիկ Քարամյանը համագյուղացուն է ձայն տալիս՝ լավ թաղամաս է։ Հիմա Ասկերանի շրջանի Ադրբեջանի հսկողության տակ անցած 4 գյուղերի բնակիչներ այստեղ են ապրելու, Աստղաշենի նոր թաղում։
63-րդ տունն է Ռազմիկ Քարամյանինը։ Նա ադրբեջանական դարձած Ջրաղացներից է, մի հարցում է սրտնեղում ՝ ինչո՞ւ այնպես չեն արել, որ հին հարևաններն այստեղ նույնպես հարևան լինեն. - «Ստի սարքեր՝ Ջրաղացները մնար Ջրազացներ, Սղնախը մնար Սղնախը... Հարևանություն անեինք, ընկերություն անեինք»։
Սղնախ, Ջրաղացներ, Մադաթաշեն ու Մոշխմհատ գյուղերի բնակիչները կտեղավորվեն շուրջ 100 նորակառույց տներում, այս տարեվերջին բոլորով բնակարանամուտ ու ամանոր կտոնեն։
«95 տուն հանձնում ենք բնակիչներին, բայց տարբեր կոմունալ ու ենթակառուցվածքային հարցեր լուծելուց հետո կկարողանան արդեն բնակվել։ 95-ի կեսից ավելին արդեն ամբողջությամբ պատրաստ է», - ասում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Բեգլարյանի տեղեկացմամբ, միայն Աստղաշենում 130 բնակելի է կառուցվում։ Տուն ու բնակավայր կորցրած 1000 արցախցիներ արդեն տներ են ստացել, բայյց պատերազմից հետո առանց տանիքի մնացած արցախցիները 40 հազար են. - «Մի մասը Հայաստանի Հանրապետությունում են բնակարան ստանալու Հայաստանի և Արցախի կառավարությունների տարբեր ծրագրերի շրջանակներում»։
Թաղամասի բացումը տոնական համերգով էր ու Արցախի թեմի առաջնորդի օրհանքով։
Պետնախարար Բեգլարյանի կարծքիքով, Արցախի անկախության 31-ամյակը տոնելու ամենալավ ձևը այս պատերազմից հետո բնակարանամուտն է. - «Մենք, ի հեճուկս բոլոր դժվարությունների ու զրկանքների, երկարաժամկետ մարտահրավերների, կրկին արարում ենք, կրկին ստեղծում ենք և կորցրածի դիմաց բազմապատիկ անգամ կառուցում ենք, որպեսզի մեր կեցությամբ, մեր գոյությամբ, մեր արարմամբ կարողանանք Արցախը պահել հայկական»։
«Նույնիսկ այս մղձավանջի մեջ հույսը չենք կորցնում», - ասում է ստեփանակերտցի Ադա Սարգսյանը զինվորական պանթեոնում հարազատի շիրմաքարի մոտ. - «Լավ ապագա կունենանք։ Մեր երեխաները կապրեն մեր հողում, իրենց տներում։ Մեր հայրենիքից լավ տեղ չկա»։
Շուշեցի Անժելա Ասրյանը պատերազմի վերջին օրը Շուշիում զոհված որդու շիրիմի մոտ թվարկում է բոլոր այն տեղանունները, որտեղով անցել է իր հետախույզ որդին՝ մարտակաան գործողությունների 18 թեժ կետ. - «Հոկտեմբերի 27-ին պատերազմը որ սկսում ա, հենց առաջին օրն էլ ինքը մեկնում ա, առանց կանչելու ինքը գնում ա Եղնիկներ։ Արեգասարի բարձունքը վերցնելիս վիրավորվում ա...»
Բազմաթիվ վիրավորումներով շարունակել է կռվել, վերջում՝ Շուշիի համար։ Մայրը որդու մարմինը գտել է 77 օր անց Մեծամորի դիահերձարանում, «Պայմանական դիակ» գրությամբ...
«Ինձ համար այլևս տոներ չկան։ Ինձ թվում ա, թե Արցախի անկախությունից ոչինչ չի մնացել», - ասում է Անժելա Ասրյանը։
«Այստեղ մնացել են հուսահատվածները», - ասում է Ջուլիետա Գասպարյանը Ստեփանակերտի բազմագույն շուկայի իր վաճառակետում։ - «Տարբեր կողմերից նայում ենք, որ մի լավ բան չենք տեսնում, ոչ մի լույս չենք տեսնում։ Եթե ոչ մի լույս չկա, մեր կյանքում արդեն առաջխաղացում, ոչ մի բան չկա, ուրեմն ի՞նչ Արցախի պետությունը և ի՞նչ անկախություն»։
Ինչ է լինելու հետո. այս հարցի պատասխանն է ուզում. - «Մատաղ ինեմ, մե՞նք պիտի ասենք ինչ ա լինելու... Մենք ինքներս ամեն օր էդ հարցը մեզ տալիս ենք, բայց չենք կարողանում էդ հարցի պատասխանը ճարենք, որովհետև էդ հարցի պատասխանը ոչ թե ես պըտի ասեմ, կամ թե չէ մեկ ուրիշը պըտի ասի։ Էդ հարցը մենք պիտի տանք վերևին»։
«Մեր էս հարցը թե Եվրոպան ա լուծում, թե Ռուսաստանը, թե Հայաստանը, մենակ մի լույս բացվի էս մեր հայ ազգի համար։ Ես ուրիշ բան չեմ ուզում», - ասում է Էլա Զամբարյանը։
Նրան ու Արցախում մնացած մյուսներին անհանգստացնում է արտագաղթը։
«Որ սաղ փախնում են քինում։ Օրեկան գնում են։ Մենք գիտենք, որ գնում են, հայաթափվում ա Արցախը։ Բայց էդ ճիշտ չի։ Եթե էդ մարդկանց կյանքը լյալ ինի, չեն գնա», - ասում է Դոնարա Գասպարյանը։
Ինչ նպատակներ ունեինք, ոչ մեկը չեղավ՝,ասում է տիկին Դոնարան։ Այդուհանդերձ հույս, որ Արցախը հայկական կմնա, իրենք էլ՝ տեղում, դեռ ունեն։
«Հույս ունենք, որ մի հրաշք կկատարվի, ու մենք կմնանք մեր հողի վրա։ Անկախության մասին ինչ ասեմ... Էսօր, օրինակ ես էդ անկախությունը չեմ զգում, որովհետև երեսունմեկ տարի պահելուց հետո, գոռում-գոչյունով ամեն տարի մենք էս օրը որպես տոն էինք ընդունում, հիմա էդ էնտուզիազմը չկա։ Սաղ հանձնել ենք, ի՞նչ անկախության մասին ու ի՞նչ տոն կարող ենք մենք էսօր տոնել», - ասում է Լեսմոնյա Օհանջանյանը։