Մատչելիության հղումներ

2 սպանված, երեք վիրավոր. Արզական գյուղում «բոլորն են վախեցած»


2 սպանված, երեք վիրավոր. Կոտայքի մարզում տեղի ունեցած այս ողբերգությունից գրեթե մեկ շաբաթ անց էլ ենթադրյալ մարդասպանը դեռ չի հայտնաբերվել։ Ու մինչ իրավապահները հայտարարում են, թե անհետաձգելի միջոցառումներ են իրականացնում հասարակության համար վտանգավոր տղամարդուն գտնելու համար, նրա հայրենի գյուղում սարսափած են՝ ի՞նչ են անելու, եթե ծանր հանցանքի համար հետախուզվողը հաջորդ անգամ իրենց դուռը թակի։

«Շատ վախեցած են բոլորն էլ», - ասաց բնակիչներից մեկը:

Կոտայքի մարզի Արզական գյուղի նեղլիկ փողոցներից մեկի ոչնչով աչքի չընկնող տանը իրավապահներն օրերս 46-ամյա կասկածյալի՝ Զորիկ Մելքոնյանի կնոջ դին հայտնաբերեցին՝ պարանոցը դանակով կտրած։ Իրավապահներն այս տուն էին մտել, երբ տղամարդը գիշերը կողքի տան ննջասենյակի պատուհանից ներս մտնելով դանակով հարձակվել էր հարևանների վրա, հետո հայտնաբերել էին արնաշաղախ կնոջ դին։

Հաջորդ ոճրագործությունն, ըստ Քննչական կոմիտեի, երեք օր անց էր, նույն մարզի մեկ այլ գյուղում։ Տղամարդու դանակի հարվածներից մահացել է գործընկերներից մեկը, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվել։ Տղամարդն, ըստ իրավապահների, այսքանով չի սահմանափակվել, նախօրեին էլ Աբովյան քաղաքի բենզալցակայանում դանակով սպառնալով գումար ու սնունդ է պահանջել։

Այս վեց օրերի ընթացքում իրավապահները չեն կարողանում գտնել դանակով շրջող տղամարդուն, չնայած վստահեցնում են՝ կասկածյալին հայտնաբերելու համար իրականացվում են անհետաձգելի միջոցառումներ, քաղաքացիներին էլ կոչ անում զգոն լինել։

Շուրջ 3000 բնակիչ ունեցող գյուղում բոլորն են սարսափած։ Արզականցի Կարինե Իվանյանն ասում է՝ գյուղում կյանքը կանգ է առել, մարդիկ տնից դողդողալով են դուրս գալիս. - «Դռները, պատուհանները փակում են, թե ինչի՞ չեն բռնում, չեմ հասկանում, ոնց որ գյուղը մեռած լինի»:

Մարո Միրզոյանը ցնցված է տեղի ունեցածով, կասկածյալի ընտանիքի հետ շփվել են, ամեն բան կարգին էր թվում, հոգեկան խնդիրներ չեն նկատել. - «Իրանք լավ ընտանիք էին, ոչ մի կասկած, չգիտեմ, թե ինչ ա կատարվել իրանց մեջ, բոլորիս համար էլ մոտ ա էդ պատմությունը»:

Չնայած իրավապահների հավաստիացումներին Արզականում ոստիկանների հանդիպեցինք միայն ողբերգության վայրում՝ Մելքոնյանի տան դիմաց հսկողություն էին իրականացնում։ Ոչ գյուղ մտնող ճանապարհին, ոչ էլ գյուղի փողոցներում մեր նկարահանման ընթացքում ոստիկանների չհանդիպեցինք:

«Շոկի մեջ ենք», - ասում է կասկածյալի եղբայրը՝ Արմենը։ Կրկնակի սպանության համար կասկածվող եղբոր հետ ողբերգությունից ընդամենը մի քանի օր առաջ հարսանիքի են եղել, պնդում է՝ ոչինչ չէր հուշում սպասվող ոճրագործության մասին:

«Նույն օրն էլ՝ 26-ին, իրիկվա կողմ իջնում էի վերևից, հորս հետ, հարևանների հետ նստած էին», - պատմեց Արմենը:

Եղբայրը հույս ունի, որ Զորիկին ողջ-առողջ կհայտնաբերեն ու կձերբակալեն, հետո ամեն բան կպարզվի։ Կրկնակի սպանության համար հետախուզվողի ընտանիքում երկու անչափահաս երեխա կա, անկողնում սպանված կինն իր դստերը երեկ դպրոց պիտի ճանապարհեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG