Մատչելիության հղումներ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը վերապահումներ ունի Արթուր Դավթյանի առաջարկի հետ կապված


Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, արխիվ
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, արխիվ

Իշխող խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վերապահումներ ունի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերջին առաջարկի հետ կապված:

Երկու շաբաթից պաշտոնը լքող գլխավոր դատախազը 2003-ից Հայաստանում արգելված մահապատիժը կրկին թույլատրելի դարձնելու անհրաժեշտություն է տեսնում: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորող արդարադատության նախարարին ուղղված գրությամբ Արթուր Դավթյանն առաջարկում է պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:

«Չափազանց զարմացած եմ և որևիցե տրամաբանական բացատրություն նման առաջարկի մեջ չեմ տեսնում: Իհարկե, մենք կարող ենք խոսել պետության ինքնիշխանության տեսանկյունից և ասել, որ յուրաքանչյուր պետության իրավունքն է վերականգնել մահապատիժը, բայց մենք չպետք է մոռանանք, որ մենք գործ ունենք, ըստ էության, որևիցե եղանակով եվրոպական ժողովրդավարության համատեքստում չտեղավորվող պատժամիջոցի հետ: Ես պարզապես պետք է նշեմ, որ առնվազն դատական սխալից խուսափելու հետ կապված մահապատժից հրաժարվելը ճիշտ է», - ասաց Վարդանյանը:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Կարեն Անդրեասյանը երեկ հայտարարել էր, որ պատրաստ են քննարկել ցանկացած առաջարկ, որն ուղղված է Սահմանադրական հանձնաժողովին, կքննարկեն նաև այս առաջարկը, սակայն կոնկրետ դիրքորոշում չէր հայտնել: Այսօր հստակ դիրքորոշում չհայտնեց նաև փոխնախարար Երանուհի Թումանյանցը:

Փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ արդյոք Հայաստանն ունի՞ միջազգային պարտավորություններ, որոնց կհակասի Դավթյանի առաջարկն ընդունելը, Թումանյանցը պատասխանեց. «Որպես այդպիսին, մենք ստորագրել ենք որոշակի միջազգային փաստաթղթեր, բայց մենք դրանք չենք վավերացրել այս պահին, և միջազգային պայմանագրեր կան, թեկուզ հենց մահապատժի դեմ և այլն, որոշները ստորագրված են, որոշները վավերացված չեն, հետևաբար, հստակ պարտավորության մասին այս պահին նշել չեմ կարող ու չեմ կարող հատուկ շեշտադրել դրանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG