Երկու շաբաթից պաշտոնը լքող Հայաստանի գլխավոր դատախազը 2003 թվականից Հայաստանում արգելված մահապատիժը կրկին թույլատրելի դարձնելու անհրաժեշտություն է տեսնում։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորող արդարադատության նախարարին ուղղված գրությամբ Արթուր Դավթյանն առաջարկում է պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։
Գլխավոր դատախազությունը հայտարարում է՝ պետք է քննարկել այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու, պատժողական քաղաքականությունը խստացնելու հարցը: Ինչո՞ւ է պաշտոնը լքելուց 14 օր առաջ գլխավոր դատախազը նման առաջարկ անում. նրա խորհրդական Գոռ Աբրահամյանը պնդում է՝ սա հրատապ անհրաժեշտություն է:
«Ներկայումս քննվում են պետական դավաճանության վերաբերյալ բազմաթիվ գործեր, որոնք, այս պահին ես չեմ կարող տվյալներ հրապարակել, բայց այնպիսի քստմնելի դրսևորումներ են պարունակում, որոնք որևէ պարագայում ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական, էթիկական, դեռ չեմ խոսում անվտանգության առումով, առհասարակ ընդունելի չի կարող լինել մի պետության, մի երկրի պարագայում, որը ներկայումս չափազանց լուրջ տարածաշրջանային, անվտանգային խնդիրներ ունի, և այդ խնդիրներից ձերբազատվել չի լինում: Այդ պայմաններում նման միջոցների ձեռնարկումը դիտարկվում է որպես օպերատիվ հրատապ անհրաժեշտություն», - ասաց Աբրահամյանը:
Ժողովրդավարությունից ակնհայտ նահանջ է. սա էլ իրավապաշտպանների գնահատականն է։ Արթուր Սաքունցը, խստորեն քննադատելով դատախազի նախաձեռնությունն, ընդգծում է՝ պետությունը չպետք է խախտի մարդու կյանքի իրավունքը՝ մահապատիժ կիրառելով։ Հայաստանում կիրառվող ցմահ ազատազրկումը, իրավապաշտանի համոզմամբ, արդեն իսկ ամենախիստ պատիժն է:
«Սա հարց է, որին մենք Եվրոպայի խորհրդին անդամագրվելու ժամանակահատվածում արդեն իսկ բազմիցս անդրադարձել ենք, և հիմա հասականալի չէ, թե գլխավոր դատախազի մարդու իրավունքի տեսակետից ինչու է նման մոտեցում ներկայացնում, որն ակնհայտորեն հակասում է ժողովրդավարական պետությունում մարդու կյանքի իրավունքի նկատմամբ պետության պարտավորությանը և ակնհայտ նահանջ է», - նշեց նա:
Հայաստանում վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1991 թվականին, իսկ 2003-ին այն օրենքով արգելվեց, մահապատժի վերացումը Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության պայմաններից մեկն էր։ Հայաստանի Սահմանադրությունն այժմ արգելում է մահապատիժը ցանկացած անձի նկատմամբ:
«Քննարկումներ կարող են լինել, տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, բայց ուզում եմ կրկնել, որ ՀՀ-ն գտնվում է անվտանգային չափազանց նուրբ այնպիսի իրավիճակում, որ մեզ համար այս պահին, իմ գնահատմամբ ևս, բացարձակ անհրաժեշտություն է ձեռնարկելու այդ անվտանգության երաշխավորման լրացուցիչ հրատապ միջոցներ», - շեշտեց դատախազի խորհրդականը:
Այդ ժամանակ Հայաստանը վավերացրեց մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մահապատիժն արգելող 6-րդ արձանագրությունը, որը, սակայն, թույլատրում էր պահպանել մահապատիժը ծանր պատերազմական հանցագործությունների ժամանակ։ 3 տարի անց էլ Հայաստանը ստորագրեց կոնվենցիայի 13-րդ՝ մահապատիժը բոլոր հանգամանքներում թույլ չտալու արձանագրությունը, սակայն չվավերացրեց այն։
Գլխավոր դատախազությունը հենց սա հաշվի առնելով է պնդում, թե Հայաստանը մահապատժի բացարձակ արգելք սահմանելու միջազգային իրավական պարտավորությունի չունի։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հակադարձում է՝ ՄԻԵԴ նախադեպային վճիռներից մեկը փաստում է՝ Հայաստանը, այս փաստաղթղթերը ստորագրելով, արդեն իսկ պարտավորություն է ստանձնել հետևել դրանց:
«Խոսքը վերաբերում է Եվրոպայի խորհրդին անդամակցության հետ կապված Հայաստանի վերցրած պարտավորությունների ցանկին, և այդ պարտավորությունների ցանկում արդեն իսկ պետությունը, երբ որ պարտավորություն վերցրել է ընդունել համապատասխան իրավական նորմեր, անկախ նրանից, թե այդ համապատասխան իրավական փաստաթուղթը, ակտն ընդունվել է, թե չէ, այսինքն` կիրառվել է, թե չէ, արդեն իսկ այդ պարտավորությունը համաձայնություն է, հիմք է, որպեսզի նա երաշխավորի այդ վերցրած պարտավորությունը, այսինքն` պարտավորություն է ոչ միայն վավարեցված, այլ նաև ստորագրումը», - նկատեց իրավապաշտպանը:
«Ազատությունը» գլխավոր դատախազի խորհրդականին հարցրեց` եթե իրենց առաջարկը կյանքի կոչվի՝ չե՞ն բացառում դատական սխալի հնարավորությունը, ինչի հետևանքով գուցե անմեղ մարդ մահապատժի ենթարկվի։ Աբրահամյանը պատասխանեց՝ այդ մտավախության պատճառով անհրաժեշտ քայլերի չգնալ չեն կարող:
«Հասկանում եմ, որ ծայրահեղ պատժատեսակի մասին ենք խոսում, բայց այդ մտավախությունը կարող ենք վերաբերելի համարել ընդհանրապես բոլոր գործերով դատարանների կողմից կայացվող որոշումներին, այսինքն` միայն զուտ դրանից ելնելով` մենք չենք կարող քայլերի չդիմել, որոնց անհրաժեշտությունը կա», - ասաց նա:
Փորձեցինք պարզել, թե ի՞նչ կարծիք ունի այս նախաձեռնության վերաբերյալ երկու շաբաթից գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնող Աննա Վարդապետյանը: Նա, սակայն, «Ազատության» հեռախոսազանգերն անպատասխան թողեց։ Կարծիք չեն շտապում հայտնել նաև խորհրդարանի իշխող խմբակցության անդամները և արդարադատության նախարարը: Վերջինս, սակայն, «Արմենպրեսի» հետ զրույցում չի բացառել, որ կքննարկեն գլխավոր դատախազի առաջարկը։
Արթուր Դավթյանի նախաձեռնությանն արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, որը նաև արդարադատության նախարար գլխավորած սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է։ ՄԻՊ-ը նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չի համարում, քանի որ այն, «մեծապես ստվերում է կյանքի իրավունքի և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական ու ժողովրդավարական արժեքները»։
Ավելի ուշ էլ գլխավոր դատախազությունը, ափսոսանք հայտնելով, մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը խիստ հապճեպ ու մակերեսային որակեց։ Նման մոտեցումը, ըստ գլխավոր դատախազության, հարիր չէ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակին։