Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարում է, որ բացահայտել է երկրորդ ուկրաինացու ինքնությունը, ով ենթադրաբար առնչություն ունի ռուս ազգայնական գաղափարախոս, Արևմուտքի կողմից «Պուտինի ուղեղ» անվան արժանացած Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարյա Դուգինայի սպանությանը։
ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ Բոգդան Ցիգանենկոն օգնել է Դուգինայի սպանության նախապատրաստմանը։ Ըստ այդ վարկածի՝ Ցիգանենկոն գլխավոր կասկածյալին՝ Նատալյա Վովկին, անձը հաստատող կեղծ փաստաթուղթ և ավտոմեքենայի կեղծ պետհամարանիշեր է տրամադրել, նա օգնել է նաև հավաքել պայթուցիկ սարքը, որը դրվել էր Դուգինայի մեքենայում:
Վովկը, ըստ ԱԴԾ-ի, հուլիսին Ռուսաստան է ժամանել 12-ամյա դստեր հետ և բնակարան է վարձել այն շենքում, որտեղ ապրում էր Դուգինան։ Նույն վարկածի համաձայն՝ 44-ամյա Ցիգանենկոն Էստոնիայի տարածքով Ռուսաստան է ժամանել հուլիսի 30-ին և լքել երկիրը սպանությունից մեկ օր առաջ։
29-ամյա մեկնաբան Դուգինան մահացել է օգոստոսի գիշերը, երբ գործի է դրվել նրա մեքենայում տեղադրված հեռակառավարվող պայթուցիկ սարքը։
Ե՛վ Դարյա Դուգինան, և՛ նրա հայրը՝ Ալեքսանդր Դուգինը պաշտպանում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա զորքեր մտցնելու որոշումը:
Ըստ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ Դուգինայի սպանությունը «պատրաստվել և իրականացվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից», ինչը Կիևը կտրականապես հերքում է: