Մատչելիության հղումներ

Բաքուն պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները, որ ԵԱՏՄ երկրները կարողանան օգտագործել Ադրբեջանի տարանցիկ ներուժը․ Ասադովը՝ ԵԱՏՄ նիստին

ԵԱՏՄ երկրների վարչապետերի ընդլայնված նիստը Ղրղըզստանում, 26-ը օգոստոսի, 2022թ․
ԵԱՏՄ երկրների վարչապետերի ընդլայնված նիստը Ղրղըզստանում, 26-ը օգոստոսի, 2022թ․

Այսօր Ադրբեջանի վարչապետը առաջին անգամ, հյուրի կարգավիճակով, մասնակցել է ԵԱՏՄ երկրների վարչապետերի ընդլայնված նիստին։ Հանդիպումը երեկ է սկսվել՝ Ղրղըզստանում։

Ալի Ասադովը դրան մասնակցելու հնարավորության համար հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի և Բելառուսի վարչապետերին։

«Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել  նիստին  մասնակցելու հրավերի համար»․ Ասադով
please wait

No media source currently available

0:00 0:00:17 0:00

Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ նիստերին քննարկվում էր դեռ անցած տարվա ապրիլին: Այն ժամանակ, սակայն, Հայաստանը ընդդիմացել էր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում, ասել էր, թե Երևանը դեմ է արտահայտվել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը։

Թե Ինչու և երբ է փոխվել Երևանի դիրքորոշումը, դեռ հստակ չէ։ «Ազատությունը» դիմել է կառավարությանը, առայժմ պարզաբանում չենք ստացել։

Մինչ այդ, Ասադովն այսօրվա նիստին շեշտել է, որ Ադրբեջանը գերազանց հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ գրեթե բոլոր պետությունների հետ՝ հավելելով՝ Բաքուն պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները, որ նրանք կարողանան օգտագործել Ադրբեջանի տարանցիկ ներուժը։

Առանց ղարաբաղյան պատերազմը հիշատակելու՝ ադրբեջանցի պաշտոնյան միաժամանակ պնդել է, թե տարածաշրջանում այլևս նոր իրավիճակ է ստեղծվել։

«Տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունները լավ հնարավորություններ են ստեղծում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև նոր տրանսպորտային և առևտրային ուղիների բացման համար», - ասել է Ասադովը։

Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետեր Ալի Ասադով, Միխայիլ Միշուստին, արխիվ
Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետեր Ալի Ասադով, Միխայիլ Միշուստին, արխիվ

Ռուսաստանի վարչապետն ուրախությամբ է արձագանքել Ասադովի մասնակցությանը՝ ԵԱՏՄ նիստին։ Երեկ, երկկողմ հանդիպման ժամանակ, Միշուստինը շեշտել է՝ հրաշալի է, որ Ադրբեջանն ուշադիր հետևում է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացներին։

Կգնա արդյոք Ադրբեջանը ԵԱՏՄ հարցում ավելի հեռուն, թե կսահմանափակվի «ուշադիր հետևելով» և հյուրի կարգավիճակով նիստերին մասնակցելով, հայտնի չէ, ԵԱՏՄ-ում Բաքվի, օրինակ, դիտորդի կարգավիճակ ստանալու համար, որևէ գործընթաց այսօր չկա, գոնե հրապարակավ։

Հայաստանի վարչապետը, ով նույնպես ելույթ է ունեցել այսօրվա ընդլայնված նիստին, Ադրբեջանի մասնակցությանը չի անդրադարձել, բայց ողջունել է հյուրի կարգավիճակով մասնակցող երկրներին, այս դեպքում դրանք երկուսն էին՝ Ադրբեջանն ու Ուզբեկստանը։

«Անկեղծ ողջունում եմ անդամ երկրների և դիտորդի կարգավիճակով երկրների կառավարությունների ղեկավարներին»․ Փաշինյան
please wait

No media source currently available

0:00 0:00:11 0:00

Ինչպես երեկվա ելույթում, այսօր էլ Փաշինյանն ընդգծել է՝ հոռետեսական կանխատեսումները, թե Եվրասիական տնտեսական միության գոտում անկում է լինելու, իրականություն չդարձան, ճիշտ հակառակը՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52,5 տոկոսով և կազմել 1,7 մլրդ ԱՄՆ դոլար։

Նիկոլ Փաշինյանը երեկ էլ Ռուսաստանի վարչապետին է հանդիպել, ու կրկին հայտարարել, թե Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակով։

«Վստահ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին, մենք միասին դուրս կգանք իրավիճակից, որը խնդիրներ է առաջացնում մեր տնտեսությունների, մեր համագործակցության համար»,- ասել է Փաշինյանը՝ չմանրամասնելով, որ խնդիրների մասին է խոսքը։

Փաշինյան-Միշուստին հանդիպում Ղրղըզստանում, 25-ը օգոստոսի, 2022թ․
Փաշինյան-Միշուստին հանդիպում Ղրղըզստանում, 25-ը օգոստոսի, 2022թ․

Այսօրվա նիստում Հայաստանի վարչապետը նաև առաջարկել է Միության ներսում գազի ընդհանուր շուկա ձևավորել։ Առաջարկը նոր չէ, սակայն անդամ երկրներին մինչ օրս չի հաջողվում դրա շուրջ համաձայնության գալ։

Միությանը անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը։

Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան, Ուզբեկստանը։

Այսօրվա ընդլայնված նիստի ավարտին կազմակերպության անդամները որոշել են հաջորդ հանդիպումը Հայաստանում անցկացնել։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG