Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ պատրիարքը չեղարկել է իր մասնակցությունը հաջորդ ամսին Ղազախստանում կայանալիք միջկրոնական համաժողովին, որտեղ նախատեսված էր նրա հանդիպումը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։
Պատրիարք Կիրիլի այցի չեղարկման մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը։
Մոսկվայի պատրիարքարանի արտաքին կապերի ղեկավար, Վոլոկոլամսկի միտրոպոլիտն Անտոնին ասել է, որ պատրիարք Կիրիլը չի մասնակցի սեպտեմբերի 13-15-ը կայանալիք կրոնական համաշխարհային առաջնորդների համաժողովին, և հետևաբար Հռոմի պապի հետ որևէ հանդիպում տեղի չի ունենա։
Կիրիլը հոգևոր և գաղափարախոսական քարոզչությամբ արդարացնում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա` այն կոչելով «մետաֆիզիկական պայքար Արևմուտքի դեմ»։ Նա օրհնել է պատերազմ մեկնող ռուս զինվորներին։
Հռոմի պապը դատապարտել է պատերազմը, բայց փորձում է բաց պահել Մոսկվայի հետ երկխոսության պատուհանը, որի համար արժանացել է Կիևի քննադատությանը։
Ֆրանցիսկոս պապը անցած ամիս ասել էր, թե Կիրիլին կհանդիպի Ղազախստանի համաժողովում, ինչը կլիներ Հռոմի պապի և ռուս պատրիարքի պատմության մեջ երկրորդ հանդիպումը։
Մինչ հիմա մեկ հանդիպում է տեղի ունեցել՝ 2016 թվականին։