44-օրյա պատերազմից երկու տարի անց Գլխավոր դատախազությունը հերքում է վարչապետի ու Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունները, թե պատերազմի օրերին պետական դավաճանության հոդվածով որևէ քրեական գործ է հարուցվել, կարծում է այս հարցով դատախազությանը դիմած ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ըստ վերջինիս՝ Փաշինյանի ու դատախազության հայտարարություններում առկա է հակասություն, որով վերահաստատվում է, որ իշխանությունը փորձել է պարտության մեղքը բարդել բանակի ու ընդդիմության վրա։
«Հասարակության մեջ անվստահություն սերմանելու. առաջին իսկ պահից այլևս իշխանությունը գտնում է թիրախներ, որոնց պետք է թիրախավորի», - հայտարարեց Մանուկյանը:
Վարչապետի աշխատակազմից դեռևս չեն մեկնաբանում ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունը։ Իսկ Գլխավոր դատախազությունը, առանց մանրամասների, վերահաստատեց, որ պատերազմի օրերին պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չի հարուցվել։
44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. - «Կան ահազանգեր, որ ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»։
Վարչապետը տեղեկացրել էր նաև, որ իր հանձնարարությամբ Ազգային անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել, հարուցված քրեական գործի շրջանակում քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը։ Իսկ Ազգային անվտանգության ծառայությունը նույն օրը հայտարարել էր, որ ձերբակալել է Պաշտպանության բանակի մի զինվորականի, որն էլ խոստովանել էր մեղքը։
Թեև վարչապետն ու ԱԱԾ-ն չէին նշել, թե արդյոք իրենց մատնանշած քրեական գործը հարուցվել է պետական դավաճանության հոդվածով, այդուհանդերձ Փաշինյանը նաև գրել էր. - «Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»։
Իսկ ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում հարկ էր համարում պարզաբանել, որ քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության համար։ Ուշագրավ է, որ նույն այդ օրը՝ Փաշինյանի գրառումից հետո վարչապետի առաջարկությամբ պաշտոնից ազատվեց ԱԱԾ-ն ընդամենը 4 ամիս ղեկավարած Արգիշտի Քյարամյանը՝ այդպես էլ չպարզաբանելով պաշտոնանկության պատճառը։
«Հանձնարարություն է տվել ԱԱԾ-ին ու նշում է՝ կոնկրետ անձ կա արդեն, որին հաջորդում է ԱԱԾ-ի հաղորդագրությունը, որ մեկը ձերբակալվել է ու դավաճանության հոդվածով մեղադրվել է, բայց հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի այդ ստատուսը, որը կա, խմբագրվել է այդ ընթացքում ու ավելացվել է վերջում՝ ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն կա առաջնագծի այլ հատվածներում: Այսինքն՝ վերախմբագրելով Նիկոլ Փաշինյանը փորձել է տպավորություն ստեղծել, որ ամբողջ առաջնագծով դավաճանություններ են», - ասաց Գեղամ Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ Փաշինյանը միտումնավոր փորձել է հասարակությանը մոլորեցնել, շեղել. - «Պատերազմի առաջին օրերին համահայկական, համահայաստանյան համախմբվածություն կար, բոլորը՝ ընդդիմություն, իշխանություն, բոլորը դարձել էին մեկ մարմին, մեկ ճակատ, մեկ զինվոր, և առաջին անգամ դավաճան բառը հնչում է հոկտեմբերի 8-ին»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում հակադարձելով ընդդիմադիր գործընկերոջը՝ հորդորեց նրան ներկայանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստերին և իր հարցերն այնտեղ պարզաբանել։