Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի իր գործընկերը՝ Կատրին Կոլոննան այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:
Արարատ Միրզոյանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Կատրին Կոլոննայի է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման շուրջ հայկական կողմի մոտեցումները։
Կողմերն ընդգծել են Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը՝ Հայաստանի արտգործնախարարը շեշտել է «Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, բռնի անհետացածների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման անհրաժեշտությունը»։
ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։
Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Կոլոննան էլ իր հերթին ցավակցել է հայկական կողմին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ։