Մատչելիության հղումներ

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր 6.8 տոկոսի կառավարումը ևս հանձնում է ԱՆԻՖ-ին


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, արխիվ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, արխիվ

Կառավարությունն այսօր ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշում:

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ ՍՊԸ-ից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգին պատկանող 188,947 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր, որոնք կազմում են ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը: Դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:

«Բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով՝ առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ին՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը», - նշված է Կառավարության աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում:

ԱՆԻՖ-ը 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: «ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար», - նշված է հիմնավորման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ նշել է, որ դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 30-ին կառավարությունը ստացել է 15 տոկոս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից նվիրատվություն, և այն ժամանակ կառավարությունը այդ բաժնեմասի կառավարումը հանձնել է ԱՆԻՖ-ին:

«Հիմա 2022 թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6,8 տոկոս: Այն ժամանակ այդ նվիրատվությունը մենք ընդունել ենք գաղտնի որոշմամբ: Ինչո՞ւ, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ գաղտնի պահվի: Հիմա իրենց համար գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, և մենք այդ 6.8 տոկոս բաժնեմասը հանձնում ենք ԱՆԻՖ-ին կառավարման համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մարտի 24-ից հետո ունի 21,875 տոկոս բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ նման նախընտրական խոստմամբ հանդես է եկել անցած տարվա նախընտրական քարոզարշավի ժամանակ, որը նույնպես իրականացվել է: «Հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի ոլորտի թափանցիկությանը, պետական եկամուտների գեներացմանը և ընդհանուր՝ մեր երկրի զարգացմանը», - ասել է Փաշինյանը:

XS
SM
MD
LG